Թափառող շները վնասվածքներ են հասցրել երեխաներին. Շերամի փողոցի բնակիչներն ահազանգում են

Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Մարինե Օհանջանյանը: 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում  բնակվող բնակիչներն ահազանգում են, որ  թափառող շները հարձակվում են երեխաների վրա և հասցնում տարբեր աստիճանի  մարմնական վնասվածքներ : 

 

«Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին, ավելի ճիշտ չեն պատկերացնում, թե ինչ ահավոր սարսափելի դեպքերի մասին է խոսքը, որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։ Ճի՛շտ է, ինչ որ չափով մեր բակի շները քչացել են, բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտները էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում։

Քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ, հետաքրքի՞ր է, դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը (նկար 2,հունվարի 24-ի դեպք), կամ 9 տարեկան այս տղա երեխան, ով 1 ամսից ավել է դեռ չի ապաքինվել (նկար 1,հունվարի 14-ի դեպք): Սրանք հենց նույն շներն են, որոնք և հարձակվել էին իմ աղջկա վրա (բարեբախտաբար միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել): Խնդրում եմ լուծեք այս հարցը, ազատեք այս տարածքը շներից (խոսքը Շերամի 99,101,108 բակերի, Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է) , պաշտպանե'ք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։ Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին, թույլ մի տվեք էլի անմեղ երեխաներ տուժեն, հուսով եմ պատկերացնում եք հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները», - գրել է Օհանջանյանը:

 

Auroranews-ը կապ հաստատեց Մարինե Օհանջանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ խնդիրն արդեն երկար ժամանակ է  չի լուծվում: 

«Փետրվարի 12-ին իմ երեխային ճանապարհել եմ դպրոց: Դպրոցը մեր տնից հեռու չէ և տան պատուհանից երևում է, թե երբ է երեխան հասնում  դպրոց: Լսեցի երեխայի ճիչ և տեսա, որ 5 շուն  հարձակվել են մի տղա երեխայի վրա ու քաշքշում են: Հաջորդ օրն առավոտյան շները հարձակվում են արդեն իմ աղջկա վրա, ուղղակի մեր բախտը բերել է, որ հարձակման պահին բռնել են աղջկաս վերարկուն ու չեն հասցրել կծել: Ես վստահեցնում եմ, որ երեխաներից  ոչ մեկը որևէ առիթ չի տվել, որ շները հարձակվեն: Ուղղակի թափառող ագրեսիվ շներ են»,- ասաց Օհանջանյանը:

 

 

Մարինեն նշեց, որ իրենք արդեն մի քանի անգամ ահազանգել են քաղաքապետարան, բայց խնդիրը չի լուծվել: 

 

«Եկել շներին տարել են, պատվաստել ու հետ բերել: Հասկանում եմ, որ օրենքն այդպես է պահանջում, բայց որևէ բան չի փոխվել դպրոցի ու շենքերի հարակից տարածքներում շարունակվում է նույն վիճակը, նույնիսկ հասուն մարդիկ են վախով շրջում տարածքում»,- ասաց Մարինեն: 

 

Հարցին, թե գրառմանը կից հրապարակված լուսանկարում իր երեխան է Մարինեն ասաց. «Ո'չ»: 

 

 

Auroranews-ը զրուցեց նաև ծանր վնասվածքներ ստացած երեխայի մայրիկի` տիկին Ասյայի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին և թափառող շները հարձակվել են իր  6 տարեկան աղջկա վրա: 

 

«Երեխայի վերքերը արդեն բուժվում են, իրեն լավ է զգում: Շների հարձակումից անմիջապես հետո հիվանդանոցում պատվաստեցին երեխային ու սկսեցինք բուժել: Շենքերի տարածքում  ֆուտբոլի խաղադաշտ կա, որտեղ և մշտապես գտնվում են շները: Վստահ եմ, որ սա առաջին կամ վերջին հարձակումը չէ, սա վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն  5-րդ դեպքն է: Այսպես ինչքա՞ն է տևելու»,- նշեց Ասյան: 

 

 

Տիկին Ասյայի խոսքով` քաղաքապետրանի աշխատակիցը բնակիչներին հայտնել է, որ տարածքում գտնվող շները ունեն խնամակալ, որն ամեն օր կերակրում է շներին: Իսկ երբ քաղաքացիները բողոքել են, որ երեխաներից մեկին հասցվել է ծանր վնասվածքներ` աշխատակիցը խնդրել է ուղարկել նկարներ և նշել, որ կզբաղվեն խնդրով, սակայն մինչև այսօր ոչինչ չի արվել:

 

Ջեմմա Սարդարյան 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ