Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքին: «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, ով դարձավ ատելության, ռասիզմի և հակահայկական քաղաքականության անմեղ զոհ: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Մարգարյան ընտանիքի բոլոր անդամներին և ընկերներին:

 

Գուրգեն Մարգարյանի սպանությունը և դատապարտված մարդասպանի հետագա ներումն ու փառաբանումն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է: Մենք պարտավոր ենք կանխել նմանատիպ՝ ինքնության վրա հիմնված հանցագործությունների հետագա դեպքերը»,-Թվիթերի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը:

 

Ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերեն եռամսյա դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով զինվորական կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը: Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ