Կառավարությունը լուծարեց «Հայկական միրգ» ընկերությունը. կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց լուծարել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը: 

Որոշման հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ «Հայկական միրգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ:

Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջեւ ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում՝ իրականցնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրության հատվածին» ենթաբաղադրիչը: 

2016 թվականից ծրագիրը ավարտվել է:  Ընկերությունը որեւէ գործունեությունը չի իրականացնում եւ եկամտի աղբյուր չունի, աշխատակազմը ազատված է աշխատանքից, բացառությամբ տնօրենի եւ հաշվապահի: 

Ընկերության 132-136 հատ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, որոնց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: 

Կանոնադրական կապիտալը կազմում է 660.7 մլն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմված հաշվապահական հաշվեկշռի համաձայն ակտիվները կազմում են 81.2 մլն դրամ, ինչը հանդիսանում է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը:

 

 Կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ, պարտավորությունները՝ 11.6 մլն դրամ, որից 7.2 մլն դրամը աշխատավարձի գծով: 

Ընկերության վնասը հիմնականում գոյանում է աշխատավարձի եւ պետական բյուջեի հանդեպ հաշվարկվող համապատասխան հարկային պարտավորություններից: Ընկերության հետագա գոյությունը հանգեցնում է միայն պարտավորությունների գումարների առաջացման եւ վնասի կուտակման, ուստի առաջարկվում է այն լուծարել:

 

Քաղաքականություն

Պատահարներ