Ապինիստները զինվորներին կսովորեցնեն լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին. Armtimes.com

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան առաջարկել է Պաշտպանության նախարարությանը համատեղ կազմել և իրականացնել զինծառայողներին լեռնային պայմաններում աշխատանքի առանձնահատկություններին ծանոթացնելու և վտանգներին դիմագրավելու հմտությունների ուսուցման ծրագիր:

Այս լուրը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքն անձամբ է ընդունել ալպինիստների դիմումն ու փոխանցել գլխավոր շտաբ:

Հովհաննիսյանն այս նախաձեռնությունը որակել է «բավական լավը», իսկ ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը նշել է, որ քննարկումները ՊՆ-ի հետ արդեն սկսվել են, և այս ծրագիրն առաջիկայում կներդրվի նմանատիպ դասընթացի կարիք ունեցող բոլոր զորամասերում՝ ըստ տեղանքի:

«Հիմա մենք քննարկումներ ենք ունենում՝ հասկանալու համար, թե այդ ամենն ինչպես պիտի տեղի ունենա: Առաջիկա ամիսներին դա կորոշվի: Մի բան միանշանակ է. առաջիկայում այս ծրագիրը կգործարկվի Արցախի ու Հայաստանի բոլոր այն զորամասերում, որտեղ դրա կարիքը կա»,- ասել է Դանիելյանը:

Նա ընդգծել է, որ լեռնային մարզումներ հիմա էլ անցկացվում են զորամասերում: Իրենց առաջարկած ծրագրով փորձ է արվում ավելի կատարելագործել այդ դասընթացը՝ նպատակ ունենալով զինվորականներին դարձնել լեռնային տեղանքին ծանոթ և վտանգներից պաշտպանված:

Քաղաքականություն

Պատահարներ