Կա'մ կկիրառվի օրենքը իր ամբողջ խստությամբ, կա'մ վարորդին կտան ներման հնարավորություն. Պողոս Շահինյանը` բալային համակարգի հնարավոր լուծումների մասին

Բալային համակարգի գաղափարն ընդհանուր առմամբ լավն է,  և դրանից պետք է ակնկալել դրական արդյունք: Սակայն հարց է առաջանում` արդյո՞ք այն մշակված է: Այս մասին AuroraNews-ի հետ զրույցում ասաց «Ճանապարհային անվտանգության  խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Պողոս Շահինյանը:

 

Դեռ նախորդ տարի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Օրինագիծը քննարկումների և բողոքների առիթ դարձավ: Փաթեթով նախատեսվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: 

Օրենքի կետերի և դրա կիրառման արդյունավետության և առաջացրած խնդիրների մասին խոսելիս Շահինյանը հայտնեց, որ պետք է նկատել , որ նախկինում, եթե վարորդը կատարում էր խախտում և տուգանվում դրա համար, ունենում էր կատարած խախտման համար վճարելու և քաղաքում երթևեկելու հնարավորություն:

 

«Հայ հասարակությունում ընդունված է անպատժելիության գաղափարը, այսինքն`վարորդը վարում է մեքենան, տուգանվում, ապա կրկին վարում, սակայն սա նախկինում էր, բայց հիմա խախտման դեպքում կա տուգանք, և կա վարորդական վկայանականից հանված միավոր: Այս դեպքում բալային համակարգը զսպողական ազդեցություն ունի  և ենթադրում է, որ մարդիկ կենթարկվեն այդ զսպողականությանը»,- ասաց Շահինյանը: 


Նրա խոսքով` մեր երկիրը պատրաստ չէր բալային համակարգի ընդունմանը, քանի որ այն ունի թերի կողմեր: 

«Պետք էր ունենալ հստակ ու հասկացված կանոնակարգ` հասկանալու արդյոք այդ մեխանիզմը չի վնասի որևէ մեկին և չի զրկի աշխատանքից: Բալայինը կարելի էր կիրառել` ունենալով մշակված փուլային նախագիծ: Պետք էր բալային համակարգի ներքո կիրառել այն տուգանքները, որոնք ապացուցվում են, օրինակ արագաթյան գերազանցումը, որը ֆիքսել է արագաչափ սարքը: Ինչ վերաբերում է կայանատեղերի կամ քաղաքում կահավորած նշանների հետ կապված խախտումներին, դրանց մասին շատ վաղ է խոսել, քանի որ մենք ունենք ենթակառուցվածքային և առաջնային խնդիր: Մեր քաղաքը չունի բավարար ճանապարհային կահավորում, նշաններ են բացակայում և առաջացնում խնդիր»,- նշեց ՀԿ ղեկավարը: 

 

Շահինյանը խոսեց հատկապես երկրորդ երթևեկելի գծում կանգնող մեքենաներին վերաբերող տուգանքների չափի և կատարված խախտման համար բալերի հանման մասին:

Ինչպես հայտնել էր Ճանապարհային ոստիկանությունը` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և կայանման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում `0.5 միավոր:  

 

«Եթե օրենքը դիտարկենք օրինակներով , կնկատենք, որ եթե այն կիրառվում է խանութը սպասարկող առաքիչների համար, պարզ է դառնում, որ ունենալով կայանման խնդիր, առաքիչը չի կարող հասցնել 2 րոպեում առաքել և շարունակել երթևեկությունը, գործընթացը կտևի 10-15 րոպե և կառաջացնի խախտում, իսկ մի քանի խախտման դեպքում արդեն վարորդը կզրկվի վարորդական իրավունքից: Այսինքն հավանական է, որ մեկ շաբաթվա մեջ առաքիչը զրկվի վարորդական իրավունքից, ինչպես նաև աշխատանքից»,- ասաց նա: 

 

Ըստ Շահինյանի` կան թիրախավորված վարորդներ, որոնք, զրկվելով վարորդական իրավունքից, կորցնում են օրվա հաց վաստակելու հնարավորությունը:

 

«Դիտարկելով նույն առաքիչի, տաքսու վարորդի կամ երթուղայինի վարորդի օրինակները` հասկանում ես, որ վարորդական իրավունքը կորցնելուց հետո տվյալ վարորդը չի նստելու տանը, դուրս է գալու և շարունակի աշխատել առանց վարորդական իրավունքի` այդպիսով կատարելով ավելի կոպիտ խախտում: Իսկ ցանկացած կազմակերպություն չի կարող ամեն շաբաթ նոր առաքիչ աշխատանքի ընդունել, խնդրի առաջ են կանգնում, բայց արդյո՞ք սա այն է, ինչ մեզ պետք է»,- ասաց Շահինյանը: 

 

Վարորդական իրավունքից զրկված առաքիչը մեքենան կվարի առանց իրավունքի, և եթե  օրերից մեկ օր տվյալ վարորդին կանգնեցնեն ճանպարհային ոստիկանության աշխատակիցները, ապա կա'մ կառաջանա կոռուպցիոն ռիսկ, կա'մ վարորդի դեմ քրեական գործ կհարուցվի: Սա, ըստ մեր զրուցակցի, ևս մեկ խնդիր է, որը բալային համակարգի ներկայիս կազմում հաշվի առնված չէ:

 

Շահինյանն ասաց, որ այս պարագայում կա երկու լուծում. կա'մ կկիրառվի օրենքը իր ամբողջ խստությամբ, կա'մ վարորդին կտան ներման հնարավորություն` ստեղծելով հատուկ օրենքներ հենց առաքիչների կամ տաքսու վարորդների համար: Սակայն, այս պարագայում կորցնում ենք հավասարության պայմանը, օրինակ` դիտարկելով այն, որ տալով առաքիչին կամ տաքսու վարորդին որևէ արտոնյալ հնարավորություն` ոտնահարում ենք երեխային դպրոցից վերցնող ծնողի իրավունքը: 

 

Բալային համակարգի ընդունման նպատակը Ճանապարհային անվտանգության ապահովումն է: Այս համակարգի օրենսդրական փաթեթի հեղինակները նախատեսում են, որ նոր կարգավորումները վթարների և վթարների հետևանքով զոհերի քանակը պետք է կրճատեն 50 տոկոսով: 

Ներկայացնում ենք վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ տարածքում տեղի ունեցած վթարների և վթարներից տուժված և զոհված անձանք վիճակագրական քանակը: 

 

 

 

Բալային համակարգի ընդունումից հետո սկսվեց բալերի վաճառքը: Այն նկատվում էր համացանցում, երբ մարդիկ արդեն սահմանած և որոշած գումարային չափով վաճառում էին իրենց վարորդական իրավունքի բալերը: Օրինակ` 1 միավորը 60.000 ՀՀ դրամ: 

Պողոս Շահինյանի կարծիքով` սա անխուսափելի, բայց և, վերահսկելի գործընթաց է, եթե ստեղծվի ավելի ճիշտ կանոնակարգ: 

 

 

Հարցին` ունեք որևէ առաջարկ, որը կհանգեցնի օրենքի կիրառման բարելավմանը, Շահինյանն ասաց, որ այն մեկն է. բալային համակարգի կիրառումը դարձնել փուլային:

«Կարծում եմ` պետք է թողնել այն լրջագույն խախտումները, որոնց պատճառով մահացություններ են լինում. դրանք են` արագության գերազանցում,  կարմիր լույսը հատելը և խմած վիճակում ավտոմեքենա վարելը: Այս 3 կարևոր խախտումներն են հանգեցնում խոշոր և ողբերգական վթարների»,- ասաց նա: 

 

 

 

Հեղինակ` Ջեմմա Սարդարյան 

Քաղաքականություն

Պատահարներ