Եղվարդի ծննդատան հարցը վերջնականապես լուծվել է. Ռոմանոս Պետրոսյան

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքում մի քանի օրից կմեկնարկեն շինարարական աշխատանքները, ծննդատան փակման հարցը վերջնականապես լուծվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: 

«Մենք էլ ձեռնամուխ ենք եղել ծննդատան հիմնանորոգման և լիովին վերազինմանը: Հիմնովին կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը, այդ թվում՝ բաժանմունքի առանձին մուտքը, կանանց կոնսուլտացիոն հատվածը, ծննդօգնության հարկաբաժինները, որից հետո բաժանմունքը կհամալրվի լիովին նոր գույքով և կվերազինվի նորագույն բժշկական սարքավորումներով»,- մանրամասնեց մարզպետը: 

Նա տեղեկացրեց, որ այս տարվա պետպատվերի գումարը դարձյալ փոխանցվել է ծննդատանը, և այն բնականոն աշխատում է: 

«Նաիրի» ԲԿ-ում տեղի է ունեցել նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխություն: «Տնօրենի ԺՊ-ի փոփոխությունը պայմանավորված է ավելի էֆեկտիվ կառավարելու, ճգնաժամային կառավարման գործիքակազմով առաջնորդվելու և կարճ ժամկետում առավելագույն արդյունք ապահովելու նպատակով է արվել»,- պարզաբանեց Պետրոսյանը՝ ընդգծելով, թե տնօրենի նախորդ ԺՊ-ն այս ունակությունները չուներ: 

«Ինքն էլ հասկացավ, որ չի կարող հաղթահարել այն խնդիրները, որոնք մեր կողմից դրվեցին իր առջև»,- հավելեց մարզպետը՝ տեղեկացնելով նաև, որ շուտով տնօրենի հաստիքի մրցույթ է հայտարարվելու: 

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ՝ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։  

Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի, և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները պետք է լուծարվեն։ Եղվարդի ծննդատան փակվելու լուրերի ֆոնին տեղացիները հունվարի 8-ին բողոքի ակցիա էին իրականացրել փակելով ճանապարհը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ