«Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերները ՊԵՏՔ Է ՓՐԿՎԵՆ». քաղաքագետն ահազանգում է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել՝ նշելով, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք այս պահին ոչնչացման վտանգի տակ են: 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․ 

«Ուշադրություն. 

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան։ Ժայռապատկերներն այստեղ են տեղափոխվել Սյունիքի մարզի Սիսիանի շրջ. Ուղտասար վայրից: Կարծում եմ՝ ավելորդ է ասելու, թե պատմամշակութային ինչ արժեք ունեն այդ հուշարձանները մեզ և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ 

Հիմա ուշադրություն՝ ավելի քան 4000 տարեկան այդ ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են։ Այսօր իմացա, որ հենց կողքը շինարարություն է ընթանում և շենքի կառուցման համար փորված փոսի հողն ու քարերը լցվում են հենց այդ ժայռապատկերների վրա։ Կողքն էլ շինտեխնիկա է աշխատում, որը նույնպես վտանգում է պատմական այդ հուշարձանները։ 

Ուզում եմ շատ հստակ արտահայտվել՝ էլի ոչինչ, որ քաղաքի հերթական այգում հերթական շինարարությունն է ընթանում։ Կանաչ տարածքների բազմապատկման, ինչպես նաև իշխանությունների մնացած բոլոր խոստումներին, ես, մեղմ ասած, շատ թերահավատ եմ։ Բայց ժայռապատկերները ՊԵՏՔ Է ՓՐԿՎԵՆ։ Պարտադիր»։ 

 

Քաղաքականություն