Ոմանք դիմում են քրեական հեղինակություններին, բայց չեն դիմում ոստիկանին. Դանիել Իոաննիսյան

Ոչ թե Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը. այս մասին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը: 

Նրա խոսքով՝ Եվրամիության 28 անդամներից 27-ն ունեն ներքին գործերի նախարարություն, իսկ Շվեդիայում ոստիկանությունն արդարադատության նախարարության կազմում է: «Առհասարակ բոլոր ժողովրդավարական երկրներում ոստիկանությունը քաղաքացիական վերահսկողության ներքո է, և կարևոր է, որ Հայաստանում ևս այդ փոփոխությունն արվում է: Սա զինված ուժերի մոդելին է նման: Այս մոդելում կլինի ոստիկանապետ, կլինի Ոստիկանության հրամանատարը, Ոստիկանությունը կմնա ուղղահայաց համակարգ և կլինի նաև ներքին գործերի նախարար: Ոստիկանապետը նշանակվելու է վարչապետի կողմից, ոչ թե նախարարի, բայց գոնե այս պահին նախատեսվող մոդելով նախարարի առաջարկությամբ: Սա այն է, ինչ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր վաղուց»,- ասաց նա: 

Իսկ թե ինչ կտա սա, Իոաննիսյանը նշեց, որ այս մոդելը հնարավորություն կտա, որ Ոստիկանությունը լինի խորհրդարանի հսկողության ներքո, որ Ոստիկանությունում չհամատեղվեն քաղաքականության մշակման և իրականացման քաղաքացիական ֆունկցիաները ավելի զինվորական ֆունկցիաների հետ: «Սա հնարավորություն կտա, որ խորհրդարանն ավելի շատ կարողանա վերահսկել Ոստիկանության գործունեությունը: Հիմա եթե պատգամավորներն ունենում են հարցեր՝ Ոստիկանության գործունեության հետ կապված, այդ հարցերին պատասխանում է կա´մ վարչապետը, կա´մ արդարադատության նախարարը, բայց երկուսն էլ բավականին սահմանափակ են տեղեկացված Ոստիկանության բոլոր գործողություններին: Այս առումով կլինի ներքին գործերի նախարար, որը կպատասխանի պատգամավորների հարցերին, և բոլոր առումներով համակարգը կդառնա ավելի ժողովրդավարական»,- ասաց նա 

Իոաննիսյանի խոսքով՝ պարեկային ծառայության ստեղծումն է կարևոր, որը նորովի ստեղծվող համակարգ է լինելու, նաև հիմնված է նրա վրա, որ բոլոր կադրերը անցնեն լրացուցիչ կրթություն: 

«Լրջագույն խնդիրը, որ կա, ոստիկանի ընկալումն է հանրության կողմից: Մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ, որոնք  ոստիկանության տիրույթում են, չեն դիմում ոստիկանություն, որովհետև չեն ակնկալում, որ ոստիկանությունը կլուծի այդ խնդիրը: Մարդիկ դիմում են այլ միջոցների՝ սկսած քրեական հեղինակություններից, վերջացրած բազմաթիվ այլ միջոցներով: 

Ոմանք դիմում են, մի քիչ կոպիտ բառով ասեմ, «մեծ ախպերներին», քրեական հեղինակություններին, ոմանք ոչ ոքի չեն դիմում: Շատ կարևոր է, որ ոստիկանությունը հանրության կողմից ընկալվի որպես ընկեր, որին դու կարող ես դիմել, երբ ունես խնդիր, ոչ թե 5 անգամ կտանի, կբերի բաժին, 7 հատ բացատրություն գրել կտա ու վերջում խնդիրդ չի լուծի: Մի անգամ էդպես կանես կամ մի տեղից կլսես,  որ էդպես է եղել ու էլ չես դիմի ոստիկանին»,- ոստիկանության համակարգում բարեփոխումների թեմայով հանրային քննարկման ժամանակ կարծիք է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: 

 

«Ոստիկանությունը միշտ «բարեփոխում» անվան տակ փորձել է իրեն այդ պահին վերապահված ուժային խնդիրները:  Այսօրվա բարեփոխումները պետք է դառնան իրական բարեփոումներ, դրանք պետք է իրականացվեն հանրության հետ ակտիվ քննարկումների արդյունքում, որովհետև մենք պետք է ունենանք այնպիսի ոստիկանական  համակարգ, որի ծառայության թե´ օրինականության, թե´ նրա  կատարած քայլերի հետ կապված հասարակությունը չպետք է ունենա կասկածներ»,- քննարկման ժամանակ ասել է ԱԺ  պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

 

Քաղաքականություն