Որոշ երկրների դեսպանների նստավայրերը Երևա՞ն կտեղափոխվի

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ գործող իշխանությունները մտադիր են վերանայել ՀՀ դիվանագիտական քաղաքականության հետ կապված որոշ հարցեր, և առաջիկայում հնարավոր է դիվանագիտական նոր հարաբերությունների հաստատման գործընթաց սկսվի։  

Իսկ մինչ այդ ԱԳՆ-ն լծված է ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների դեսպանատների հարցի կարգավորման որոշ ընթացակարգեր հստակեցնելու գործին: Ըստ այդմ, քննարկվում է ՀՀ-ում հավատարմագրված որոշ երկրների դեսպանների՝ հիմնականում Մոսկվայում գտնվող նստավայրերը տեղափոխել Երևան։  

Մեր աղբյուրները նշում են, որ մասնավորաբար չի բացառվում առաջիկայում ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանատան՝ Մոսկվայից Երևան տեղափոխումը, այսինքն՝ փաստացի ԻԹ դեսպանատան բացումը Հայաստանում։  

Ի դեպ, Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում էր ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Սրանչա Գոնսալես Լայայի հետ։  

Այս տեղեկությունը ճշտելու համար «Փաստը» դիմեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին: «Արդյո՞ք Իսպանիան իր դեսպանությունը կբերի Հայաստան, թե ոչ, ձեզ կարող է ասել իսպանական կողմը, այդ հարցադրումը պետք է Իսպանիայի արտգործնախարարությանը հղեք։ Ես չեմ կարող ասել՝ իրենք այդ հարցը քննարկում են, թե ոչ։ Այս պահի դրությամբ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց Նաղդալյանը»,-գրում է թերթը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 

Քաղաքականություն