Ստեփանակերտում ընթանում է Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

 

Իր ելույթում նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:

 

Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված և հետևողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

 

Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. 

Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա և Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է: 

Ընդհանրապես, կարծում եմ, որ վերջին շրջանում մենք այս առումով բավականին արդյունավետ աշխատանք ենք իրականացրել և այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում և այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ: Այդ հենասյուներից կարևորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: 
 

Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է: 
Վերջին շրջանի քննարկումներում ես մի այսպիսի արձանագրում եմ արել, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց ցավոք սրտի մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը և այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք: 
 

 

Քաղաքականություն

Պատահարներ