Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի. Pastinfo

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը վարույթ է ընդունել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի:

«Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ», - «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` նշվում է դատարանի փետրվարի 21-ին որոշման մեջ:

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ` պահանջելով հերքել «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդվածում տեղ գտած զրպարտություն հանդիսացող տվյալները, հոդվածը հեռացնել և պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը:

Վիճարկվող հոդվածում ԱԱԾ նախկին տնօրենի հասցեին մեղադրանքներ էր հնչեցվել՝ վարչապետ Փաշինյանի ընտանիքի դեմ վարկաբեկող նյութերի հրապարակումը կազմակերպելու համար։

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փաստաբանները հերքման պահանջով դիմել են թերթի խմբագրակազմին։ Սահմանված ժամկետում լրատվամիջոցը չի հրապարակել հերքումը, ինչի պատճառով էլ փաստաբանական խումբը հայցադիմում է ներկայացրել դատարան։

Քաղաքականություն

Պատահարներ