Իրանում հերքել են Ղոմ քաղաքում կորոնավիրուսից 50 մահացածների մասին տվյալները

Իրանի Ղոմ քաղաքում, որտեղից սկսվել Է կորոնավիրուսի տարածումը, վիրուսից 50 մահացածների վերաբերյալ տվյալները ճիշտ չեն: Այդ մասին հայտարարել Է Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին:

 

Հարիրչին ավելի վաղ հայտնել Էր, որ Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կարող Է կազմել մոտավորապես 60: «Ասել են 50 մահացածների մասին, դուք մեզ պաշտոնապես նամակում նշեք անունները: Հայտարարվել Է 50-ի մասին, բայց ես ձեզ ուղղակիորեն կասեմ, որ եթե Ղոմում այդ հիվանդության պատճառով մահացածների թիվը կազմում Է դրա կեսը կամ քառորդ մասը, ապա ես հրաժարական կտամ»,-ասել Է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը ցուցադրվել Է իրանական հեռուստատեսությամբ: Ավելի վաղ, ինչպես հաղորդել Է ISNA գործակալությունը, Ղոմից պատգամավոր Ահմադ Ամիրաբադին հայտարարել Է, որ առողջապահության նախարարի ասածները չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը Ղոմում հայտնաբերվել Է երեք շաբաթ առաջ», մինչդեռ իշխանությունները հասարակայնությանը առաջին երկու դեպքերի մասին տեղեկացրել են միայն փետրվարի 19-ին:

 

Խորհրդարանականը նշել Է, որ իրադրությունը քաղաքում «ավելի կրիտիկական Է, քան ասում են»: Միեւնույն ժամանակ, ILNA գործակալության տվյալներով, պատգամավորը նշել Է քաղաքում վիրուսի 50 զոհերի մասին: Մինչդեռ երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը լրագրողներին հայտնել Է, որ Իրանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել Է 64-ի, մահացել Է 12 հոգի: «Այս պահի դրությամբ միանգամայն ստույգ Է, որ երկրում կա COVID-19-ով վարակման 64 դեպք: Ցավոք, անցած օրերին նրանցից 12-ը մահացել են»,-ասված Է Ջահանպուրի հայտարարության մեջ, որը հրապարակված Է գերատեսչության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքականություն

Պատահարներ