Սերժ Սարգսյանի պաշտպանը բացարկ հայտնեց դատախազին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դատական գործով առաջին նիստին դատավոր Վահե Միսակյանը պաշտպանական կողմից հետաքրքրվեց, թե մեղադրող դատախազի նկատմամբ բացարկի միջնորդություն ներկայացնելո՞ւ են, ինչին ի պատասխան պաշտպանական կողմը դրական արձագանքեց, ապա սկսեց ներկայացնել միջնորդությունը։

 

Նշենք, որ դատարանում մեղադրանքը պաշտպանում է ՀՀ Գլխավոր դատախազության, ՀՔԾ մինչ դատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը։

 

«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածում սահմանված է քրեական դատավարության, գործի արդարացի քննության սկզբունք մղումը, որի 2-րդ մասի համաձայն՝ դատախազը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին,եթե նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով»,- միջնորդությունը ներկայացնելիս նշեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

 

Նա նշեց նաև, որ դատախազը կարող է նաև ինքնաբացարկ ներկայացնել, եթե դատախազը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։

 

«Ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ պաշտպանական կողմի մոտ մեղադրողի անկողմնակալության, անաչառության, անկախության նկատմամբ, մեղադրողի կողմից սույն քրեական գործով ինքնուրույն գործելու, զանազան կողմնակի ազդեցություններից, ճնշումներից և այլ միջամտություններից զերծ մնալու, ենթադրություններով չառաջնորդվելու կարողության մասին կասկածներ են հարուցվել»,- ներկայացնելով միջնորդության հիմքերը՝ նշեց պաշտպանը։

 

Ըստ նրա՝ մինչդատական քրեական վարույթի ընթացքում, քննարկվող քրեական գործով, քրեական հետապնդման մարմինները չեն ձեռնարկել նախատեսված միջոցառումները՝ գործի հանգամանալից և օբյեկտիվ հետազոտման համար։

 

«Բավարար միջոցներ չեն ձեռնարկել ՀՀ 3-րդ նախագահին արդարացնող բոլոր հանգամանքներն պարզելու համար, վերջինիս արդարացնող, գործում առկա ապացույցները անտեսվել են, դրա փոխարեն գործում առկա ակհնայտ անարժանահավատ միակ ապացույցը չի գնահատվել որպես այդպիսին, ինչի արդյունքում կայացվել և չի վերացվել Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ակհայտ ապօրինի, անհիմն որոշումը»,- նշեց պաշտպան Հակոբյանը։

 

Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ։ Որոշումը կհրապարակվի փետրվարի 26-ին, ժամը 3։30-ին։

Քաղաքականություն

Պատահարներ