Ավշարի նախկին դպրոցը վաճառքի էր հանվել List.am-ում. հարուցվել է քրգործ. մանրամասներ

Իմ դեմ հարուցված գործերը դեռ ընթացքի մեջ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: 

Գարիկ Սարգսյանը նշել է, որ հարուցվել է 5 գործ, որոնք ներկայացրել են մարզպետարանի նախկին աշխատակիցները, բժշկական կենտրոնների նախկին տնօրեններ: Արարատի մարզպետարանը ևս հայցեր է ներկայացրել: 

«Պահանջում ենք անհապաղ քրգործ հարուցել մեկ բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենի նկատմամբ, քանի որ նա տարիներ շարունակ ինքնագործունեությամբ է զբաղվել, իր աշխատավարձը բարձրացրել է, տարիներ շարունակ պայմանագրում նշվածից ավելի աշխատավարձ է ստացել: Խոսքը «Վեդի» ԲԿ-ի տնօրենի մասին է, գործն այժմ դատարանում է, քննչական գործընթացի ընթացքում այն կարճվել էր, այժմ բողոքարկում ենք, որ գործ հարուցվի և պատճառված վնասը վերականգնվի»: 

Գարիկ Սարգսյանն անդրադարձավ նաև մնացած քրգործերին: Նա մասնավորապես նշեց, որ Ավշար համայնքի գործող ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ գործով շուտով դատական գործընթաց կսկսվի: Ըստ մարզպետի՝ համայնքի ղեկավարը պետական գույքը դարձրել է համայնքի սեփականություն, ապա անօրինական սեփականացրել այն. 

«Կառավարության 1997թ. համար 51 որոշմամբ՝ համայնքներին մի շարք գույքեր են փոխանցվել, համայնքի ղեկավարը գտել է, որ սոցիալ-կենցաղայինի մասին տողով դպրոցի մի մեծ շենք կարող է համայնքային դարձնել, ապա  աճուրդի միջոցով վաճառել իր վարորդին, վարորդն էլ, իր հերթին, համայնքապետի աղջկան: Պարզ է, որ աղջկա անունով է, բայց համայնքի ղեկավարինն է: Նա պայմանագիր է կապել իր աղջկա հետ և 4 տարի շարունակ տարածքը վարձակալել է ամսական 120 հազար դրամով: Դա  հայտնաբերել ենք 2019-ի գարնանը, Կադաստրի կոմիտե հարցում ենք ուղարկել և գործերն ուղարկել Դատախազություն, քրեական գործ է հարուցվել: Իրենք ընդունել են մեղքը»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ ակնկալվում է պետական շահի վերականգնում և դպրոցի շենքի վերադարձ պետությանը: 

Սարգսյանի խոսքով՝ ամեն ինչ բացահայտվել է, երբ համայնքի ղեկավարը տարածքը վաճառելու փորձ է արել. «List.am-ում հայտարարություն էր տարածվել, և այդ գույքը վաճառքի էր հանվել 200 հազար դոլարից ավելի գումարով, կարծեմ՝ 240 հազար դոլար: Փորձում էին վաճառել»,- ասաց մարզպետը:

Քաղաքականություն

Պատահարներ