Հաղթող «Այո» տարբերանշանը ներկայացրած «Garun Agency»-ի հիմնադիրը երկրում չէ, դրա համար էլ անհասանելի է. ՀԺ

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ ընտրվել էր «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը, սակայն վաղ առավոտից հայկական համացանցում ամենաքննարկված լուրերից մեկն այն էր, որ տարբերանշանը գողացված է: Այն եղել է 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանը:

 

Այն մրցույթին ներկայացրած «Garun Agency» կազմակերպությունը՝ որպես առաջին մրցանակակիր, պիտի ստանար 3 մլն դրամ: Հեղինակային իրավունքի խախտման մասին տեղեկություն ստանալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ քննարկվում է «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը:

 

«Ընկերներ, հարկ եմ համարում հայտնել, որ քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը։ Որոշում ունենալուն պես կհայտարարենք»,- գրել էր Ալեքսանյանը։

 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանը՝ գրառմամբ. «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։

 

«Հայկական ժամանակ»-ը փորձեց կապ հաստատել «Garun Agency»-ի ներկայացուցիչների հետ: «Սփյուռ» տեղեկատվական համակարգում նշված միակ հեռախոսահամարը անհասանելի էր: Ավելի ուշ մեզ հաջողվեց գտնել մեկ այլ հեռախոսահամար, որին պատասխանող անձը հաստատեց, որ կապ ունի «Garun Agency»-ի հետ, բայց միայն այնքանով, որ կազմակերպության հիմնադրի ընկերն է: Նա վստահեցրեց, որ ընկերության հիմնադիրը Ռուսաստանում է, սակայն՝ դեպի Հայաստան ճանապարհին: «Կարծում եմ՝ այսօր կամ վաղը Հայաստանում կլինի, ձեզ կպատասխանի»,- ասաց մեր զանգին պատասխանող տղամարդը:  

 

Միեւնույն ժամանակ հավելեց, որ  «Garun Agency» կազմակերպությունը նոր է՝ մոտ մեկուկես տարի առաջ է հիմնադրվել, այս ընթացքում ունեցել է բազմաթիվ պատվերներ և որևէ պատվիրատու դժգոհ չի մնացել: 

 

Թե ինչ կորոշի «Քաղաքացիական պայմանագիր»-ը քննարկման ավարտին, ով կստանա նախանշված 3 միլիոն դրամը, ինչ վերաբերմունք կորդեգրվի «Այո»-ի քարոզչության մեկնարկին այսպիսի տհաճ աղմուկի «հեղինակների» նկատմամբ՝ կտեղեկացնենք, հենց որ տեղեկանանք: 

Քաղաքականություն