Ո՞վ է եղել 1991թ «ԱՅՈ»-ի հեղինակը

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանի մրցույթի հաղթողը՝ Garoon production-ը երեկ Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո»–ի շտաբի կազմակերպած դրամահավաքի ընթացքում 3 մլն դրամ մրցանակ ստացավ։ Սակայն այսօր պարզ դարձավ, որ «Գարուն» ընկերության ներկայացրած լոգոն 1991թ անկախության լոգոյի կրկնությունն է։

 

Համացանցում այս թեման լայն քննարկումների առիթ դարձավ։ Շատերը փորձում են հասկանալ, թե ով է եղել 1991 թվականի անկախության լոգոյի հեղինակը։ Նույնիսկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է 1991 -ի լոգոյի նկարը և մակագրել.«Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։

 

Media.am կայքը գրել էր, որ տվյալ լոգոն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին՝ «Երեկոյան Երևան»-ի սեպտեմբերի 23-ի համարում.««Երեկոյան Երևան»-ի սեպտեմբերի 18-ի համարում կա Անկախության հանրաքվեի «Այո»-ի մեկ այլ լոգոյի տարբերակ, որը նույնպես կարող է հետաքրքիր լինել 2020-ի «Այո»-ի լոգոն գրագողություն համարողներին»,-գրում է կայքը:

 

Համացանցում օգտատերերը նույնպես փնտրում են բնօրինակի հեղինակներին։ Վարկածները շատ են՝ «Երեկոյան Երևան» թերթի նկարիչ, Մկրտիչ Մաթեւոսյան, Գրիգոր Խաչատրյան, Սմբատ Հակոբյան, Արտակ Բաղդասարյան, Ռուբեն Արուտչյան: Սակայն դեռևս ոչ իշխանությունները, ոչ համացանցի «բնակիչները» չեն կարողանում գտնել լոգոյի բնօրինակին։

 

Լրատվամիջոցները կապ էին հաստատել Մկրտիչ Մաթևոսյանի հետ, ում անունը նույնպես շրջանառվում էր, նա նշել է, որ 1991 թվականի Անկախության հանրաքվեի լոգոյի հեղինակն ինքը չէ։

 

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի 1991–ի Անկախության հանրաքվեի «Այո»–ի` արդեն իսկ հայտնի նկարի հեղինակը, ամենայն հավանականությամբ, Ստյոպա Նարոյանն է:

 

Ժամեր անց վարկածը հաստեց նկարիչ Ցոլակ Ղանդիլյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի լոգոյին, որը նման է 1991թ. Անկախության հանրաքվեի ժամանակ հրապարակված արդեն հայտնի լոգոյին: Այն զետեղված է եղել «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում: «Այո»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է:

 

Բացի այդ հայտնենք, որ «Garoon agency»  ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն ստեղծվել է 2018թ-ի ապրիլի 27-ին։ Սակայն էջում շուրջ երկու տարվա ընթացքում սահմանափակ թվով հրապարակումներ է արվել, անգամ էջն ունի ընդամենը 580 հետևորդ։ 

 

Հատկանշական է նաև, որ «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» անունով որևէ ընկերություն երբևէ գրանցված չի եղել և ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում այդ անվամբ որևէ ընկերությունը չկա։ Համակարգում այդ անունը փնտրելիս ոչինչ հնարավոր չէ գտնել ո՛չ հին ընկերությունների մեջ, ո՛չ՝ նոր։ 

 

ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգում ևս ըկերության անունը որևէ կերպ հիշատակված չէ։ 

 

Քաղաքականություն