Սերժ Սարգսյանի գործով դատարանը հրապարակեց որոշում

Սերժ Սարգսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի հեռացվի վարույթից:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը՝  մերժելով Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը:

 

Միսակյանը նաև հայտնեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այսօրվա դատական նիստը կհետաձգվի:

 

Հիշեցնենք, պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել դատախազին՝ հիմքում դնելով նրա ենթադրյալ կողմնակալության հանգամանքը: Դատավորի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշել էր, որ միանում է իր պաշտպանների միջնորդությանը:

 

Նշենք, որ գործի շրջանակում Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

 

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15391765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 միլիոն դրամը:

 

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է:

Նշենք նաև, որ դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել է հայտարարություն, ըստ որի՝ գործն ուղղորդված է և պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ։

Քաղաքականություն

Պատահարներ