Թեհրանից չվերթի 52 ուղևորի մոտ գանգատ չի արձանագրվել. կորոնավիրուսի թեստերի խմբաքանակ է ներկրվել

Աշխարհի առանձին երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, փետրվարի 26-ի դրությամբ, նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 25-ի տվյալներով` ամբողջ աշխարհում արձանագրվել է 80 239 դեպք, որից Չինաստանում` 77780, 2666-ը` մահվան ելքով: Չինաստանից դուրս 33 երկրում գրանցվել է 2459 դեպք, 34-ը մահվան ելքով:

 

Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 26-ի, ժամը 18:00 դրությամբ, նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78 195: Հաստատված դեպքերից  առողջացածների թիվը կազմել է 30 073: Գրանցվել է 2 718 մահ: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ աշխարհում գրանցվել է 81 226 հաստատված դեպք:

 

ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները: Բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով: Երկիր է ներկրվել նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) ախտորոշման համար թեստերի նոր խմբաքանակ: Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) բուժման ուղղությամբ այսօր որևէ կոնկրետ դեղ չի առաջարկվում, նախարարության մասնագետները ուսումնասիրել են, թե՛ Չինաստանի,  թե՛ այլ երկրների կողմից առաջարկվող փորձը, ինչի արդյունքում մշակվում է նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19)  պացիենտների վարման ընթացակարգ:

 

Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել էր Թեհրան:

Թեհրան-Երևան ինքնաթիռը՝ 52 ուղևորով, մասնագետի ուղեկցությամբ վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Բոլորը ուղևորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում և՛ թե վայրէջքից հետո ջերմաչափվել են: Վերջիններիս մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել: Նրանք գտնվելու են տնային հսկողության տակ:

 

Փետրվարի 25-ին  ուժի մեջ մտած՝ Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն, փետրվարի 26-ին Մեղրու անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են առողջապահության նախարարության մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի:

Քաղաքականություն