«Այո» լոգոյի իրական հեղինակները ստացան մեկական միլիոն դրամի հավաստագրեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը «Այո»-ի բրենդինգի մրցույթի հաղթողի համար նախատեսված մեկական միլիոն դրամի հավաստագրերը հանձնեց Նորիկ Ենգիբարյանին, Ցոլակ Ղանդիլյանին և Ստեփան Նարոյանի դստերը։

 

Հիշեցնենք, որ Նորիկ Ենգիբարյանը 1991 թվականին հանդիսացել է «Երեկոյան Երևան» թերթի խմբագիրը, իսկ Ցոլակ Ղանդիլյանն ու Ստեփան Նարոյանը՝ գծանկարիչները։ Հենց այս թերթի՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ի համարում է տպագրված եղել հայտնի էսքիզը, որի մասն է կազմել նաև «Այո»-ի բրենդինգի մրցույթում հաղթած տարբերանշանը, որի համար հաղթողը պետք է ստանար 3 միլիոն դրամ։

Փետրվարի 25-ին «Այո» շտաբը հայտարարություն տարածեց։

 

«Ուրախ ենք հայտնել, որ մենք ունենք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բրենդինգի մրցույթի հաղթող։ Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը», - ասված էր հայտարարությունում։

 

Ավելի ուշ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ լոգոն վերցված է 90-ականներից։ Քննադատություններ եղան, թե անթույլատրելի է 3 միլիոն դրամ վճարել գրագողության համար։

 

Սուրեն Պապիկյանը հետագայում հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրաքվեի «Այո»-ի բրենդինգի շրջանակում տարբերանշանի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Նարոյան Ստեփանի իրավահաջորդի միջև, յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։

Քաղաքականություն

Պատահարներ