Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին. Armtimes.com

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել:

Հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:

Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը ասել է, որ հայցի պատճառը Սամսոնյանի կողմից հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է: Նա գրել էր, թե իբր վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում: Փաստաբանը նշել է, որ իրենք պահանջում են հրապարակայնորեն հերքել այդ սուտ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում կամ 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, ինչպես նաև փոխհատուցել Շուշան Փաշինյանին 2 մլն դրամ, այնպես, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

Քաղաքականություն

Պատահարներ