Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում կայունանում է

Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված՝  նաև   նվազումը: Նվազման միտում դիտվում է պոլիկլիկնիկական դիմելության, շտապ օգնության կանչերում և հոսպիտլացումներում։  

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 

չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները:  

«Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով։ Ինչպես արդեն նշել էինք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 153, իսկ մարզերում՝ 125 երեխա:  

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն`    հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը: 

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է. 

պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա, 
խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, 
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, 
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, 
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, 
հագնվե´ք եղանակին համահունչ, 
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, 
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, 
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, 
հետևե´ք անձնական հիգիենային»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ