Հայաստան եկող բոլոր ուղևորներին հնարավոր չէ մեկուսացնել. նախարար

Մեր խնդիրն է դեպքը վաղ հայտնաբերել, թեստավորել և հաստատել, կոնտակտավորների շրջանակը պարզել և փոխանցման ուղին կոտրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հայտնեց, որ այդ նույն միջոցառումներն են կիրառվում ցանկացած վարակիչ հիվանդության դեպքում:

 

Ինչ վերաբերում է Հայաստան ժամանող ուղևորներին մեկուսացնելու անհրաժեշտությանը, ապա նախարարը նշեց, որ բոլոր ուղևորներին հնարավոր չէ մեկուսացնել, ինչպես հնարավոր չէ մեկուսացնել որևէ այլ երկրում:

 

«Որպես օրինակ կարող եմ բերել Չինաստանից ժամանած մեր հարյուրավոր քաղաքացիներին, որոնցից որևէ մեկի մոտ բարեբախտաբար վիրուս չի հայտնաբերվել, նաև Եվրոպայից և այլ երկրներից ժամանողներին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվում է հակահամաճարակային միջազգային խորհուրդներին համապտասխան:

 

Թորոսյանը հիշեցրեց, որ մեկուսացում ցուցված է միայն հաստատված դեպքի անմիջական կոնտակտներին, ինչով էլ իրենք հիմա զբաղվում են և զբաղվել են նաև առաջին դեպքի ժամանակ:

 

«Երեկվանից է սկսվել պրոցեսը. մենք մեր երեք պացինտների հետ անմիջական շփում ունեցած անձանց մեկուսացում ենք իրականացնում, նաև իրականացնում ենք այդ անձանց շփումների շրջանակը պարզելու գործընթացները: Մի դեպքում ունենք մեծ շրջանակ, որինցից բոլորը հայտնի են և որոշում է կայացվել մեկուսացնելու: Իտալիայի քաղաքացու շրջանակն է նաև մի քիչ մեծ. բոլորը մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրում. նրանք չեն լքելու իրենց բնակավայրը. դա առանձնացված շենք է Երևանում, ուրիշ մարդիկ չեն ապրում այդտեղ»,-նշեց նա:

Քաղաքականություն