Ինչ իրավիճակ է Իրանում․ 24 ժամվա ընթացքում գրանցվել է 129 մահ

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակն Իրանում ամփոփել է RegionMonitor-ը՝ ներկայացնելով հետեւյալ պատկերը.

• Վերջին 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 1053-ով՝ կազմելով 14991։

• Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 129 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 853։

• Ապաքինված հիվանդների թիվը ավելացել է 406-ով՝ կազմելով 4996։

• Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսն ամենաշատը տարածվել է Թեհրանում (200 դեպք) և Սպահանում (118 դեպք)։ Մնացյալ նահանգներում՝ երկնիշ, իսկ 7 նահանգում միանիշ ցուցանիշ է արձանագրվել:

• Հայաստանի սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում գրանցվել է 35 նոր դեպք։ Երեկ 36 էր։

• Վարակի օջախ Ղոմում նվազում է նկատվել, արձանագրվել է վարակի 19 դեպք, երեկ 84 էր։

• Քաղաքացիների այցերը հիվանդանոցներ նվազեցնելու և առողջ քաղաքացիներին կորոնավիրուսով վարակվելու վտանգից զերծ պահելու նպատակով Իրանում գործարկվել է salamat.gov.ir կայքը։ Քաղաքացիները մուտք են գործում այդ կայք և լրացնում իրենց անձնական տվյալները։ Համակարգ մուտք գործելուց հետո քաղաքացին լրացնում է ներկայացվող հարցաշարը: Պատասխաններից հետո համակարգը ցույց է տալիս՝ արդյոք քաղաքացու մոտ առկա է կորոնավիրուսի ախտանշաններ, թե ոչ։ Եթե համակարգը ցույց է տալիս, որ առկա են ախտանշաններ, ապա համապատասխան շրջանի հիվանդանոցից կապվում են քաղաքացու հետ և համապատասխան ցուցումներ տալիս։ Օրվա ընթացքում միայն մեկ անգամ է հնարավոր մուտք գործել համակարգ և լրացնել տվյալները։

• Իրանի ոստիկանությունն այս օրերին կորոնավիրուսի տարածման վերաբերյալ սոցիալական ցանցերում կեղծ տեղեկատվություն և տեսանյութեր հրապարակելու համար տարբեր նահանգներում երկու տասնյակից ավելի քաղաքացու է ձերբակալել։

• Սոցիալական ցանցերում այս օրերին տարբեր օգտատերեր տեղեկատվություն էին հրապարակում, թե ալկոհոլը իբր նպաստում է վարակների կանխարգելմանը։ Վերջին օրերին ալկոհոլ օգտագործելու հետևանքով Իրանում մահացել է 134, իսկ թունավորվել՝ 1021 քաղաքացի։ Այժմ Իրանի հեռուստաընկերությունները սոցիալական հոլովակներ են տարածում՝ քաղաքացիներին իրազեկելով, որ ձեռնպահ մնան ալկոհոլ օգտագործելուց։

• Բենզալցակայաններում ևս արգելվել է կանխիկ վճարումներ կատարել, դրանք կա՛մ պետք է փոխանցումով, կա՛մ՝ քարտերի միջոցով։

Քաղաքականություն

Պատահարներ