Ճապոնիայում կորոնավիրուսից մահացել է տղամարդը, որը միտումնավոր վարակել էր մյուսներին

Ճապոնիայում մահացել է կորոնավիրուսով ախտահարված մի տղամարդ, որն իր առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո միտումնավոր ուրիշներին էլ էր վարակել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Աիտի պրեֆեկտուրայի Գամագորի քաղաքում բնակվող տղամարդը 57 տարեկան է եղել․ նա մահացել է հիվանդանոցում, որտեղ էլ անցկացրել է վերջին օրերը։

Հիվանդի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել դեռևս մարտի սկզբին։ Հայտնի է, որ բժիշկներն ի սկզբանե տղամարդուն խնդրել են տուն հասնելուն պես ինքնամեկուսանալ, քանի որ նրան այդ օրը հնարավոր չի եղել ինֆեկցիոն բաժանմունք հասցնել։ Դրա փոխարեն, տեղեկությունների համաձայն, տղամարդը մարդաշատ վայրեր է այցելել՝  բարեկամներին նախապես հայտնելով, որ պատրաստվում է տարածել վարակը։

Ըստ մամուլի հրապարակումների նա բար է գնացել, որտեղ անցկացրել է մոտավորապես 15 րոպե: Դրանից հետո նա այցելել է ֆիլիպինյան փաբ, որտեղ գտնվել է շուրջ 40 րոպե: Փաբում եղած ժամանակ տղամարդը կարաոկե է երգել և գրկախառնվել այնտեղ աշխատող աղջկա հետ: Տղամարդն աղջկան պատմել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Դրանից հետո փաբի ղեկավարությունը ոստիկանություն և շտապօգնություն է կանչել: Դեպքից 4 օր հետո աղջկա ջերմությունը բարձրացել է, նա թեստ է հանձնել և նրա մոտ ևս կորոնավիրուս է ախտորոշվել:

 

Քաղաքականություն