Վրաստանում հարսանիքներն ու հոգեհացի արարողություններն արգելվեցին

Վրաստանում այսօրվանից հարսանիքները, հոգեհացի արարողություններն ու նմանատիպ միջոցառումներն արգելվում են: Այս մասին նշված է կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվելիք միջոցառումների մասին ընդունված հրամանագրում: Արգելքը կգործի մինչև ապրիլի 21-ը, փոխանցում է Aliq.ge-ն։

Մասնավորապես, հրամանի համաձայն.

  • Արտակարգ դրության ընթացքում արգելվում են «հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքով ենթադրված հավաքներն ու ցույցերը:
  • Արգելվում է հանրային վայրերում ավել քան 10 ֆիզիկական անձանց հավաքը: Այս հոդվածի ներքո ենթադրվում են ինչպես բացօթյա, այնպես էլ փակ հանրային տարածքները, եթե դրանք բնակության նպատակի չեն ծառայում:
  • Արգելվում են այնպիսի սոցիալական միջոցառումները, որոնք կապված են 10-ից ավելի ֆիզիկական անձանց հետ (օրինակ՝ հոգեհաց, հարսանիք և այլ միջոցառումներ)։

Հանրային վայրերում 10-ից ավելի ֆիզիկական անձանց հավաքի մասին արգելքը չի վերաբերում.

  • Բուժհաստատություններին, պետհաստատություններին, զինվորական ուժերին, քրեակատարողական հիմնարկներին, իրավապահ մարմիններին
  • Հանրային տրանսպորտին, եթե արտակարգ դրության ժամանակ չի դադարեցվել դրանց գործունեությունը
  • շինարարական-ենթակառուցվածքային աշխատանքների իրականացմանը

Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանի կառավարությունը մարտի 21-ին հայտարարեց արտակարգ դրության մասին, որը կտևի մինչև ապրիլի 21-ը:

Վրաստանում հարսանիքները, հոգեհացերն ու նմանատիպ միջոցառումներն արգելելու մասին որոշումը ուժի մեջ է մտել այսօրվանից:


 

Քաղաքականություն

Պատահարներ