Տնից դուրս գալուց ունեցեք անձնագիր կամ սոցքարտ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին: Նա նշել է՝ նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլև ԱՀԿ համաձայն՝ նոր թափ է հավաքում: ՀՀ վարչապետը հայտնել է՝ աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 350 000 հաստատված դեպք կա, ավելի քան 16 000 մարդ մահացել է վարակից:

«Ինչ գիտենք կորոնավիրուսի մասին, դա մի վարակ է, որ արագորեն մարդուց անցնում է մարդուն, ախտահարում շնչառական համակարգը, արտահայտվում չոր, տևական հազով, շնչարգելությամբ, հասնում ընդհուպ ծայրահեղ ծանր թոքաբորբի: Կորոնավիրուսով հիվանդը կարող է և չունենալ ոչ մի ախտանշան. վարակված լինել, չհազալ, շնչառական խնդիրներ ու ջերմություն չունենալ: Նման դեպքերում մարդը կարող է և չկռահել, որ վարակակիր է և կբուժվի հեշտությամբ, և հիվանդությունը որևէ վտանգ չի ներկայացնում իր համար, խնդիրն այն է, որ նա կարող է վարակել բազմաթիվ ընկերների, հարազատների, որոնցից շատերի համար էլ այն վտանգ չի ներկայացնում»,- ասել է նա:

Փաշինյանն ասել է, որ քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, բանկեր, դեղատներ, բայց նաև խնդրել՝ առավելապես օգտվել օնլայն ծառայություններից: Նա քաղաքացիներին կոչ է արել տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում՝ ունենալով անձնագիր կամ սոցքարտ, երկու հոգուց ավելի չհավաքվել անգամ բակերում, տանը պահպանել հիգիենայի կանոնները և հետևել Առողջապահության նախարարության հրահանգներին:

Կառավարության ղեկավարը նաև նշել է՝ այս մեկուսացման շրջանը հարմար առիթ է՝ ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթև սննդի կուլտուրա որդեգրելու, մարմնամարզության համար՝ պահպանելով առնվազն 10 մետր սոցիալական հեռավորություն ու բացառելով թիմային մարզաձևերը:

Քաղաքականություն

Պատահարներ