Այս պահի դրությամբ որևէ օտարերկրյա քաղաքացի ՌԴ մեկնել չի կարող

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, թե ՀՀ-ՌԴ սահմանների փակմամբ պայմանավորված՝ խնդիր է առաջացել այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ: Նա հետաքրքրվեց՝ կան արդյո՞ք բանակցություններ, որ ՀՀ այդ քաղաքացիների համար սահմանը բաց լինի:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, թե այս պահի դրությամբ արտակարգ իրավիճակ է բոլոր երկրներում: «Յուրաքանչյուր երկիր իր գնահատման հիման վրա տալիս է լուծումներ, ինչպես մենք ենք տալիս շրջանակային լուծումներ՝ տարբեր խնդիրների: Այժմ մենք ունենք իրավիճակ, երբ այլ քաղաքացիներ ՌԴ չեն կարող գնալ: Ինչպիսի զարգացում է լինելու, ես դժվարանում եմ ասել, բայց այս պահի դրությամբ որևէ օտարերկրյա քաղաքացի չի կարող մեկնել ՌԴ»,-նշեց նախարարը:

Սամսոնյանն արձագանքեց, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն ԵԱՏՄ միասնական տարածքում են, և ինքն այդ առումով փորձում էր հասկանալ՝ այլընտրանքային տարբերակներ կա՞ն, ինչին նախարարը պատասխանեց, թե ելնելով նրանից, որ իրավիճակը շատ արագ է զարգանում և նոր է, քննարկումները ևս, նոր են, իսկ հարցը վստահաբար օրակարգային կլինի։ 

Քաղաքականություն

Պատահարներ