Վարչապետը՝ կոմունալ վճարումների մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ կոմունալ վարձավճարների ուշացումների պատճառով անջատումներ են լինում, իսկ օրավարձով ապրող մարդկանց թիրախային օգնություն չի ցուցաբերվում: Վարչապետ պատասխանեց․ 

 

«Ընդհանրապես պարզ է, որ այս ժամանակաշրջանում տնտեսական, սոցիալական աջակցության թեման ամենահրատապներից է, կառավարության մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը պետք է լինի հասցեական: Ես գոնե անձամբ իմ լրագրողական գործունեության ընթացքում ցույց եմ տվել թե ինչպես նման էմոցիոնալ իրավիճակներում իրականում օգտվում են ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր դրա կարիքը չունեն, հետևաբար, մեր գործողությունն այն է, որ հասցեականությունը մաքսիմալ թիրախավորված լինի, և օգնությունը հասնի ճիշտ մարդկանց»:

 

Վարչապետը նշեց՝ այնտեղ, որտեղ պետք է աջակցություն ցուցաբերեն, հանրային միջոցներ են ներդրվում, պետք է հիշել, որ ճգնաժամից հետո պետք է հանրությանը հաշվետվություն տան, նույնը վերաբերում է նաև կոմունալ վճարներին: Փաշինյանը նկատեց՝ այսօր կա կոնտեքստ, որ եկեք, օրինակ՝ կոմունալ վճարները հետաձգենք, ի պատասխան նա հարց ուղղեց՝ պետական աշխատողների կոմունալ վճարներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն, նրանք աշխատավարձ են ստանում, ապահովված խավինը ինչո՞ւ պետք է հետաձգվի:

 

Փաշինյանի կարծիքով՝ կոմունալ վճարները պետք է չհետաձգվեն նույնիսկ սոցիալապես անապահով այն խավի համար, որոնց կյանքում բան չի փոխվում. մարդը նպաստառու է, ինչպես ստանում էր, ստանում է:

 

«Պարետը կապի մեջ է եղել, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անջատումներ չեն լինի: ՄԵնք ինչո՞ւ շուտ չէինք խոսում այս մասին, քանի որ չէինք ուզում, որ դա օգտագործվի որպես կոմունալը չվճարելու ազդանշան: Առաջին օրվանից առաջնային հարցերից մեկը, որով զբաղվել է պարետը, դա է եղել: ՄԵնք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջոցով ունենք այդ պայմանավորվածությունը, բայց իմ կոչը և խնդրանքն է՝ նրանք, ովքեր ունեն հնարավորություն, վճարումները չուշացնեն, քանի որ դրանով վատ վիճակում են դնում դրա կարիքը ունեցողներին: Այդ ընկերություններն էլ են, չէ՞, մերը, նրանց մասին էլ պետք է մտածել»,- ասաց նա:

 

Քաղաքականություն

Պատահարներ