Այս օրերին աշխատանքից զրկված ծնողների երեխաները նպաստ կստանան

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունված հակաճգնաժամային որոշումներից մեկով սահմանեց, որ արտակարգ դրության օրերին՝ մարտի 13-25-ի հատվածում աշխատանքից զրկված ծնողների երեխաները կստանան նպաստ։ Այստեղ, սակայն, կան որոշակի պայմաններ։

Նպաստը կտրվի այն ընտանիքներին, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.

  • երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում.
  • ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն աշխատանք չի ունեցել.
  • ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած.
  • միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողն (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Այդ նպաստն ամեն երեխայի հաշվով կլինի 100 հազար դրամ։

Քաղաքականություն