Փաշինյանը՝ կորոնավիրուսի վարակակիրների վիճակի մասին

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից երկուսի վիճակը ծանր է։ Նրանցից մեկը Միացյալ Նահանգների քաղաքացի է, ազգությամբ հայ չէ։ Մյուս վարակակիրը Հայաստանի քաղաքացի է։ Երկու անձինք էլ 75-ից բարձր տարիքի են։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Այսօր պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք, ըստ էության, մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի տեղավորենք նրանց հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու այլ կարիքներ:

Պետք է շարունակենք այս քաղաքականությունը: Սա նաև օգտակար է տնտեսության առումով, քանի որ հյուրանոցները այսօր դատարկ են: Այստեղ իհարկե, որոշակի բարդույթներ կլինեն, հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված, բայց հյուրանոցները պարտավոր են ժամանակ առ ժամանակ ախտահանել իրենց սենյակները: Հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, որ  տարբեր հիվանդություններով մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են: Կորոնավիրուսից հետո էլ այդ սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի, առավել եւս եթե ախտահանվեն հետո»,-ասել է վարչապետը:

Քաղաքականություն