Ինչ է կատարվել սահմանին. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:
Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Քաղաքականություն

Պատահարներ