Մեկուսացման պահանջը խախտած անձանցից տուգանքը գանձվելու է, իսկ ոստիականական ուժերին միանալու են այլ ուժային կառույցներ․ Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ հնարավո՞ր է մեկուսացման պահանջը խախտած քաղաքացիներից հետագայում չգանձվեն տուգանքները:

 

«Եթե մարդիկ հույս ունեն, որ այդ գումարները չեն գանձվելու, նման բան չեմ կարող ասել: Իրականացվելու են վարչական վարույթներ, ամեն դեպքով անհատական որոշում է կայացվելու: Սրանք ինքնանպատակ չեն, մենք բոլոր հնարավոր միջոցներով, կոչերով, սահմանափակումներով, օրենսգրքում փոփոխություններով, բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որոնցով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, թե այս փուլում շատ կարևոր է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրապես գիտակցեն՝ իրենց տեղաշարժը, որ կենսական նշանակություն չունի, որ կապված չէ աշխատանքի հետ, որին պարտադիր պետք է ներկայանան, կապված չէ խնամքի կարիք ունեցող մարդու մոտ գնալու և այլ բացառությունների հետ, պետք է չեղարկեն: Պարետն ասաց, որ այս վարույթները շարունակվելու են, վերահսկողությունը ևս ավելացվելու է, դա նշանակում է, որ այս վարույթների քանակն ավելացվելու է:


Հարցին՝ որտե՞ղ են ծախսվելու այդ գումարները, Ավինյանը հայտնեց, որ ընդհանուր տրամաբանություն է գործում բոլոր տիպի նմանատիպ հավաքագրումներում. դրանք մուտքագրվում են բյուջե:

 

Անդրադառնալով տեղաշարժման սահմանափակումներին Ավինյանը հայտնեց, որ այս կիրակի մարդկանց տեղաշարժի առումով ունեցել են բացառիկ ցուցանիշ, որը վարակի տարածման առումով դրական դեր ունի, բայց հասկանում են, որ այդ սահմանափակումներն անվերջ չեն կարող լինել:

«Մենք գնում ենք այն երկրների օրինակով, որ կարողացել են էֆեկտիվ և նոր լուծումներով հաղթահարել այս վիճակը: Հետագա 10 օրերին կարող է կրկին մարտավարություն փոխվել, սահմանափակումներն ավելի են խստացվելու, վերահսկողությունը պետք է ավելի արդյունավետ դարձնենք, ոստիկանական ուժերին միացնելու ենք նաև այլ կառույցներից ուժեր, քանի որ դա իրապես ծանր աշխատանք է»,- նշեց պարետը:


 

 

Քաղաքականություն

Պատահարներ