Մոտ երկու օրից աշխատանքի գնալիս պետք է ներկայացվի հատուկ փաստաթուղթ. Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին այսօր հիշեցրին՝ Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը Հայաստանում հաստատված դեպքերից մի քանի անգամ պակաս է, պարետային ժամ է մտցվել: Հարցին՝ արդյո՞ք մտադիր չեն նույն կերպ վարվել Հայաստանում, Ավինյանը պատասխանեց, որ պարետային ժամի տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերի՝ տարբեր խանութներում և սուպերմարկետներում:

 

«Մենք նախապես քննարկել ենք և հասկացել ենք՝ դա վարակի տարածման ռիսկայնությունն ավելացնում է: Մենք կարող ենք փոփոխել որոշ չափով այն մեխանիզմները, որով անձինք ՀՀ տարածքով տեղաշարժվելու իրավունք են ստանում, մասնավորապես, աշխատանքի մեկնող անձինք մոտ 2 օրից պետք է իրենց հետ ունենան մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ իրենք պետք է գնան այսինչ տեղում աշխատանքի, այսինքն՝ դա պետք է տրվի համապատասխան տնտեսվարողի կամ համապատասխան պետական հանրային մարմնի կողմից, որ այս անձն այստեղ է աշխատում և պետք է ներկայանա աշխատանքի»,- ասաց նա:

 

Ավինյանը հայտնեց՝ ունենալու են մարդկանց տեղաշարժման սահմանափակումները խստացնելու միջոցներ: Ընդհանուր առմամբ, եթե հիմա գնահատեն՝ որքանով են էֆեկտիվ իրականացված միջոցառումները, պարետը նշեց.

 

«Կիրակի ունեցել ենք բացառիկ թիվ տեղաշարժի նվազման առումով. Իտալիայի ցուցանիշին մոտ թիվ ենք ունեցել: Հանրային տրանսպորտով տեղափոխումները նախկինի հետ համեմատած 30 անգամ նվազել են, բայց պետք է հաշվի առնել, որ մարդկային տեղաշարժեր, այնուամենայնիվ, տեղի ունենում են»:

Քաղաքականություն

Պատահարներ