Արցախում ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա

Արցախի նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը 76 728։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ պարզաբանելով, որ առաջին հայացքից կարող է անհամապատասխանություն թվալ, սակայն այս թվերը ձևավորվում են լրացուցիչ ցուցակների ներառման պարագայում, երբ նախապես հայտարարված թվին և արդեն տեղամասային կենտրոններից ստացված թվի միջև կարող է որոշակի տարբերություն նկատվել։

 

«Ամեն ինչ ընտրական օրենսգրքի շրջանակներում է։ Այս թվերը նշանակում են, որ նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,,5 տոկոսը։ Կրկնում եմ, այս տվյալները աղյուսակավորման արդյունքներն են»,-ասաց Արզումանյանը։

Նա տեղեկացրեց, որ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2 625։ Այսինքն, ընտրողների 3,5 տոկոսի կողմից քվեաթերթիկները ճիշտ չեն լրացվել և անվավեր են ճանաչվել։

Նա ներկայացրեց թեկնածուների ստացած ձայների քանակը․

Քրիստին Բալայան- 202 ձայն կամ 0,3 տոկոսը

Վիտալի Բալասանյանի- 10 755 ձայն կամ 14,7 տոկոս

Սերգեյ Ամիրյան- 106 ձայն կամ 0,2 տոկոս

Դավիթ Բաբայան- 587 ձայն կամ 0,8 տոկոս

Բելլա Լալայան -162 ձայն կամ 0,2 տոկոս

Արայիկ Հարությունյան -36 076 ձայն կամ 49,26

Հայկ Խանումյան-962 ձայն կամ 1,3 տոկոս

Դավիթ Իշխանյան-1873 ձայն կամ 2,56 տոկոս

Վահան Բադասյան- 743 ձայն կամ 1 տոկոս

Մասիս Մայիլյան- 19 360 ձայն կամ 26,4 տոկոս

Աշոտ Ղուլյան- 1683 ձայն կամ 2,3 տոկոս

Ռուսլան Իսրայելյան- 368 ձայն կամ 0,5 տոկոս

Աշոտ Դադայան- 198 ձայն կամ 0,3 տոկոս

Մելսիկ Պողոսյան- 141 ձայն կամ 0,2 տոկոս։

Այսպիսով, թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ձայների 50 տոկոս + 1 ձայնը, ինչը նշանակում է, որ Արցախում պետք է անցկացվեն նախագահի ընտրությունների երկրորդ փուլ։

Համաձայն ընտրական օրենսդրության ընտրությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենա քվեարկության օրվանից հետո՝ 14 օր անց՝ այս դեպքում ապրիլի 14-ին։

Քաղաքականություն

Պատահարներ