Ոստիկանությանը միացել են ԱԱԾ-ի, ՌՈ-ի, ԱԻՆ-ի ուժերը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ապրիլի 1-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, Տիգրան Ավինյանը ասել է.

 

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Սկսում ենք պարետատան հերթական հավաքը: Ինչպես գիտեք, երեկ մենք քննարկեցինք և որոշեցինք 10 օրով երկարաձգել տեղաշարժման սահմանափակումները և տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները՝ որոշակի ճշգրտումներով և խստացումներով: Այսօր կլինի այդ որոշումը ճշգրտելու և բացերը լրացնելու օր: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են:

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք վաղվանից պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները և դա տրվում է գործատուի կողմից: Պետք է նշեմ, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք:

Տեղեկացնեմ նաև, որ երեկ ուշ երեկոյան ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրությամբ պայմանավորված մի օրենքի նախագիծ, որը մեզ հնարավորություն է տալու հնարավորինս արագ ֆիլտրել անձանց շրջանակը, որոնք մեծ հավանականությամբ ունեցել են շփումներ վարակակրի հետ:

Հանրային տրանսպորտի աշխատանքը նույնպես սահմանափակվում է: Չնայած, կրկին, հանրային տրանսպորտը այնպես չէ, որ ամբողջ ծավալով աշխատում էր, բայց հիմա երկաթուղուց բացի որևէ այլ հանրային տրանսպորտ պետք է չաշխատի»:

Նիստի մասնակիցները քննարկել են հատուկ անցակետերի տեղադրմանը, ախտահանման ու հակահամաճարակային գործողություններին և այլ առաջիկա քայլերին վերաբերող հարցեր:

Քաղաքականություն

Պատահարներ