Վանաձորում մարդկանց բազմաթիվ կուտակումների ականատես եղա, պահի լրջությունը չեն ուզում հասկանալ. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5-ի:
 

«Հարգելի՛ լոռեցիներ,

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք:

Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:

Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս:
 

Չնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի խիստ սահմանափակումներին և մեր ամենօրյա վերահսկողությանը, շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը և յուրաքանչյուրն իր հերթին վստահ է, որ վարակը իրեն կամ իր ընտանիքի որևէ անդամի երբևէ չի հասնի:Մինչդեռ վարակից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, երբ, որպես օրինապահ քաղաքացիներ, ամենայն ճշգրտությամբ կատարենք բոլոր ցուցումները: Ցավոք, այդպես չէ: Հատկապես այսօր, մարզկենտրոն Վանաձորում ականատես եղա մարդկանց բազմաթիվ կուտակումների, ինչը բացարձակապես անընդունելի եմ համարում: 
 

Եվս մեկ անգամ կրկնում եմ, ամեն ինչ արվում է միմիայն բոլորիս անվտանգության ապահովման համար:
 

Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է տարբեր կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ:
 

Կրկին անգամ խնդրում և հորդորում եմ՝ հետևել պարետի ցուցումներին տնից դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
 

Մի վտանգեք Ձեր ու Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»,- գրել է նախարարը:

Լուսանկարը՝ Վրույր Քոչարյանի ֆեյսբուքյան էջի:

Քաղաքականություն