«Մեզ հակացուցված է պարտությունը». Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում հեռևյալ գրառումն է արել. 

«Ապրիլյան պատերազմից չորս տարի է անցել: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը փշրվեց փխրուն խաղաղությունը, և մենք կրկին պաշտպանեցինք 3 տասնամյակ առաջ արյամբ գծված սահմանը: Ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսեց՝ օգտագործելով իր զինանոցի զինատեսակները, դրսևորելով անմարդակային վերաբերմունք խաղաղ բնակչության նկատմամբ: Ցավալի է, բայց մենք նորից տեսանք ու ապրեցինք ադրբեջանական ագրեսիան, դաժանությունը խաղաղ բնակիչների նկատմամբ, համոզվեցինք, որ ադրբեջանական ձեռագիրն այդպես էլ չի փոխվել: 

Այսօր մենք հիշում ու խոնարհվում ենք Մարտունիում ու Թալիշում զոհված երեխայի ու ծերերի, անձնուրաց դեպի մարտի դաշտը ներտված բազմաթիվ կամավորների, և իհարկե, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը փայլուն կատարած սպաների ու ժամկետային զինծառայողների հիշատակին: Նրանք կերտել են մեր նորագույն պատմության հերոսական էջերից ևս մեկը, նրանք ապացուցել են մեր կամքի ուժը, պաշտպանել երկրի սահմանն և նորից գծել նվիրումի չչափվող սահմանը: 

Մեզ հակացուցված է պարտությունը: Մենք պետք է մեր տեղն ու դերն ամրապնդենք աշխարհի ռազմաքաղաքական ու տնտեսական քարտեզում: 

Ավելի քան վստահ եմ, որ ապրիլյան պատերազմում մեր զինվորների ու քաղաքացիների անօրինակ սխրագործությունները պետք են նաև ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում, այսօր ու վաղը, երբ յուրաքանչյուրի միտքն ու աշխատանքը, հետևողականությունն ու հոգատարությունը որոշիչ են Արցախի բարգավաճման ու բարեկեցության ապահովման հարցում»: 

 

Քաղաքականություն

Պատահարներ