Մինչև 14 տարեկան երեխա ունեցող՝ աշխատանքից ազատված ծնողները կստանան 100 հազար դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ապրիլի 2-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներից մեկը, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող և մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված ծնողներին։ Բաթոյանը նշեց, որ ծրագրի շահառու չեն կարող դառնալ չգրանցված աշխատողները։ 

«Շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, ովքեր ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նրանց երեխայի մյուս ծնողը մահացած է կամ անհայտ կորած։ Կարող են շահառու լինել այն քաղաքացիները, որի դեպքում մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է եղել գրանցված աշխատող , ազատվել է աշխատանքից նշված ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատում, ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ ծնողը, ով եղել է գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից նշված ժամանակահատվածում»,- ասաց Բաթոյանը։

Նախարարը նշեց, որ ծրագրի աջակցության չափն է 100 հազար դրամ յուրաքանչյուր երեխային։

Կառավարությունն ընդունել է սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված 5 միջոցառում, որոնց նպատակն է աջակցել արտակարգ դրության պայմաններում հասարակության խոցելի խմբերին։ 

Քաղաքականություն