Հիմա զբաղվում ենք, որ ունենանք մեկ դիահերձարան՝ կորոնավիրուսով վարակվածների համար. Թորոսյան

Հայաստանում ապագայում կարող է ստեղծվել առանձին դիահերձարան՝ կորոնովիրուսի հետևանքով մահացածներին հերձելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին լրագրողների հարցերին պատասխանելով ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիմա զբաղվում ենք, որ ունենանք մեկ դիահերձարան ու այնտեղ, անհրաժեշտության դեպքում, հերձենք նման պացիենտներին», - ասաց նախարարը։

Թորոսյանը հայտնեց, որ մինչ այդ դիահերձարանի կառուցումը Հայաստանը հրաժարվել է կորոնավիրուսից մահացածների հերձումից՝ հետևելով միջազգային մասնագիտական կառույցների ցուցումներին:

«Մինչ համապատասխան օրենքի ընդունումը Հայաստանում նման անձանց հերձում չի իրականացվել, որպեսզի մինչև հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգենք անձնակազմին»,- ասաց Թորոսյանը:

Այդուհանդերձ, նախարարը չհերքեց, որ եղել են դեպքեր, երբ մահացած անձի մոտ հերձման ընթացքում է հաստատվել կորոնավիրուսի առկայությունը:

Անդրադառնալով մամուլում տարածված մի քանի դեպքերին, երբ որոշ քաղաքացիների մահվան դեպքում կասկածվել է նաև կորոնավիրուսի առկայություն՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ շատ դժվար է ասել՝ մահվան պատճառը հենց կորոնավիրո՞ւսն է եղել, թե՞ նրանց հիմնական հիվանդությունը։


 

Քաղաքականություն

Պատահարներ