Վրաստանը մինչև մայիսի 22-ը երկարաձգում է բոլոր ուղղություններով կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը

Վրաստանը մինչև արտակարգ դրության ավարտը՝ 2020թ․ մայիսի 22-ը, երկարաձգում է բոլոր ուղղություններով կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը, այսօր հայտնել է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին որոշումը կընդունվի՝ ելնելով Վրաստանում և աշխարհում համաճարակային իրավիճակից՝ հաշվի առնելով առողջապահության նախարարության խորհրդատվությունները: Գործակալությունն այդ որոշման մասին արդեն հայտնել է ավիաընկերություններին, հայտնում է «Նովոստի Վրաստան»-ը:

 

«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ այս կամ այն ուղղությամբ տոմսեր գնելուց, մինչև պաշտոնական աղբյուրներից չհայտարարվի կանոնավոր օդային հաղորդակցության վերականգնման ամսաթիվը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Վիրուսի տարածումը կանխելու համար մարտի 18-ին Վրաստանը փակել է իր սահմանները, ներառյալ կանոնավոր ավիահաղորդակցությունը։ Այդ ժամանակից իրականացվում են միայն չարտերային չվերթներ:

Մարտի 21-ից երկրի իշխանությունները սահմանել են արտակարգ դրութան ռեժիմ, որի գործողության ժամկետը խորհրդարանն այսօր մինչև մայիսի 22-ը երկարաձգել է:

Քաղաքականություն