Հարսանիքի օրը փեսայի տնից գողություն կատարողները հայտնաբերվել են

Դեպքն ամիսներ առաջ էր կատարվել` Շիրակի մարզում: Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Ղարիբջանյան գյուղի մի բնակիչ ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ իր տնից գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր:
Իրավապահներն ուսումնասիրել էին տան տարածքը, կազմել արձանագրություններ: Օգտվելով տանտերերի բացակայությունից` անհայտ անձը, կամ գուցե անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին ննջասենյակի պատուհանը, գողացել հեռուստացույց, բջջային հեռախոս, կենցաղային իրեր` պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:
Տպավորությունն այնպիսին էր, ասես գողերը գիտեին` երբ և ում տուն են մտնում:
Տանտերերը մարտի 3-ին հարսանեկան արարողության էին մասնակցում և ժամը 17-ից մինչև ժամը 23-ը տնից բացակայել էին, այդ ժամանակ էլ կատարվել էր գողությունը: Փաստերը հուշում էին, որ դա մեկ մարդու ձեռքի գործ չէր:
Բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանք սկսվեց: Ցուցում տրվեց ուժեղացնել քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների համագործակցությունը, օպերատիվ իրավիճակին տիրապետելու համար ակտիվացնել շփումները գյուղացիների հետ:Ամիսներ անց տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը կատարել են գյումրեցի երեք երիտասարդ:

Մայիսի 6-ին կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Ախուրյանի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք ապրիլի 27-ին էլ Ախուրյան գյուղում մեղվի հինգ փեթակ են գողացել:
Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն

Պատահարներ