Կոչ եմ անում քաղաքական իշխանությանը ՄԻՊ-ի նկատմամբ ցուցաբերել քաղաքական զսպվածություն. Խաժակյան

Որպես Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կոչ է անում քաղաքական իշխանության ներկայացուցիչներին ՄԻՊ գործունեության նկատմամբ ցուցաբերել քաղաքական զսպվածություն եւ չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են գնահատվել որպես ճնշում՝ պաշտպանի գործունեության եւ անկախ դատողությունների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Խաժակյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկումների ընթացքում իշխող ուժի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդես եկավ ելույթով, որի հռետորաբանությունը բնորոշ էր քաղաքական մրցակցին եւ միտված էր ներազդելու ՄԻՊ գործունեությանը։

Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում Մարդու իրավունքների պաշտպանները ժողովրդավարության հենասյուներն են եւ լինելով անկախ պաշտոնատար անձինք պահանջում են համապատասխան վերաբերմունք եւ քաղաքական զսպվածություն այդ ինստիտուտի նկատմամբ։

Որպես Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակ կոչ եմ անում քաղաքական իշխանության ներկայացուցիչներին ՄԻՊ գործունեության նկատմամբ ցուցաբերել քաղաքական զսպվածություն եւ չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են գնահատվել որպես ճնշում՝ պաշտպանի գործունեության եւ անկախ դատողությունների վրա»։

Քաղաքականություն