Մեր մեծ մասը վատ վարկային պատմություն ունի, վարկ չեն տալիս. Գյուղացին՝ Փաշինյանին

Գյուղացիները ֆինանսի կարիք ունեն, մեծ մասն ունի վատ վարկային պատմություն, եւ բանկերը հրաժարվում են վարկ տալ: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի Մարզի Վերին Դվին համայնք այցի ժամանակ նշեցին գյուղացիները, որոնք,ի դեպ, բոլորը դիմակով էին: «Հեռուստատեսությամբ տեսանք, որ եթե 4-5 գյուղացիներով միավորվենք, արդեն կարող ենք վարկ վերցնել: Հիմա մենք 4-5 գյուղացիներով, որ ունենք 10-12 հա հող, միավորվել ենք, բայց էլի բանկերը մերժում են: Առաջին հերթին երաշխիք են պահանջում, երաշխիքներ էլ չկան: Իսկ հնարավո՞ր է, որ այդ երաշխիքը ասենք ավագանին տա, որը բանկի համար ուժ ունենա»,-ասաց գյուղացիներից մեկը: 
Մյուսն էլ նշեց, որ հազար մետր ջերմոց է սարքում, վարկ չեն տալիս, որ սերմացու գնի. «Աշնանը 5 մլն դրամ վարկ վերցրել եմ, տնամերձ հողեր եմ առել, վարկը փակում եմ, բայց հիմա 150 հազար դրամ եմ ուզում, չեն տալիս, ասում են ծանրաբեռնված է: 
Մեզ ասում են՝ օրական 4 դիմում ենք կարողանում սպասարկել, ընդհանրապես, 4 ամիս մոռացեք սուբսիդավորված վարկերի մասին, զրո տոկոս էլ չէ, 5 տոկոսով էլ չեն տալիս»: 
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ գործող ծրագրով պետությունն ապահովում է վարկի մի մասը, որի համար գրավ չեն պահանջում, դա կարող է կազմել մինչեւ 75 տոկոս, իսկ մնացած 25 տոկոսի համար պետք է գրավ ներկայացնել բանկին: 
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հիմա քննարկում են տարբերակ, որ հողը որպես գրավ բանկերը վերցնեն. «Բայց դեռ դա նախնական պատմություն է: Ես չեմ ասում, որ դա հենց այդպես կլինի»: 
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը ներկայացրեց, թե ինչ պետք է անել այդ ծրագրերով վարկ ստանալու համար. «11 ծրագրային վարկ ունենք, որի մեջ մտնում է ինտենսիվ այգիների հիմնումը, անասնաբուծության համար, խելացի ֆերմաները: Փորձել ենք շղթան փակել: Առաջին քայլը կոոպերատիվ եք ստեղծում, երկրորդ քայլը դիմում եք Էկոնոմիկայի նախարարություն, կոոպերատիվի նախագահը մասնակցում է դասընթացների, որից հետո դիմում եք բանկ՝ սերտիֆիկատով»: 


 

Քաղաքականություն

Պատահարներ