Վաճառվող բնակարանների գները կնվազեն 30 %-ով, հիփոթեկային վարկերը կիսով չափ դադարեցնում են.

Այս տարի վաճառվող բնակարանների գները կնվազեն 30 տոկոսով: Նախկին շուկայական գներով այժմ գործարք տեղի չի ունենում, քանի որ հաճախորդների քանակը նվազել է 70 տոկոսով. անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով անշարժ գույքի ոլորտում առաջացած խնդիրներին և առաջիկայում սպասվող գնային փոփոխություններին՝ Tert.am-ի հետ զրույցում նշեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը: 

Նրա փոխանցմամբ՝ վարձակալության տրվող տները 30-40 տոկոսով նվազել են: Կենտրոնում գտնվող բնակարանների գնանկումը հասնում է նույնիսկ 50 տոկոսի, քանի որ այդ բնակարանները վարձակալության են տրվում հիմնականում օտարերկրացիներին: 

Ծայրամասերում ՝ ավելի ցածր բյուջեով բնակարանների գները քիչ են նվազել: Տվյալ բնակարանների գների նվազումը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Նախկինում ծայրամասերում բնակարաններ էին վարձում շրջաններից եկած ուսանողները, սակայն համավարակի հետ կապված ուսումնական հաստատությունների փակումը ազդեց նաև այս տեսակ տների գների վրա: 

«Շատ մարդիկ երկու ամիս չեն աշխատել կամ աշխատավարձ չեն ստացել և չեն կարողանում վճարել տան վարձը և այս ամենը շղթայական ռեակցիայով բերում է գների նվազման: Առայժմ այս ոլորտում լավ բան սպասել չենք կարող»,- ասաց նա: 

Վահե Դանիելյանի հավաստմամբ՝ մինչ վարակի տարածումը Փոքր Կենտրոնում նորակառույց բնակարանների գինը 1 ք/մ-ը կազմել է 1 մլն 500 հազար դրամ, Մեծ Կենտրոնում հնարավոր էր բնակարան ձեռք բերել 500,000-ից մինչև 1մլն 500 հազար դրամի սահմաններում՝ 1 ք/մ-ի հաշվարկով: 

«Ծայրամասերում գտնվող նորակառույց շենքների գները բավականին բարձր էին, քանի որ գնորդները հիմնականում եկամտահարկի միջոցով էին գույք ձեռք բերում: Օրինակ՝ Դավիթաշենում կիսակառույց շենքները 1 ք/մ-ն 400,000-ից մինչև 450,000 դրամ  էր»,- նշեց նա: 

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրենի կարծիքով՝ նորակառույց, սակայն անավարտ բնակարանները հիմա ավելի կտուժեն: Քանի որ կառուցապատողները գումար են վերցնում բանկերից և վաճառքից հետո են մարում վարկային պարտավորությունները: 

«Հիմա որոշ բանկեր, հիփոթեկային վարկավորումները կիսով չափ դադարեցնում են: Այսինքն՝ նորակառույց շենքերը վարկավորում են, իսկ երկրորդային շուկայում չեն վարկավորում, ինչը գնորդների քանակը և գնանկումն ավելի կնվազեցնի: Մենք մի քանի բանկերի հետ ցանկանում էինք գործարք կատարել, սակայն մերժեցին: Հիմնականում բանկերը հիփոթեկ տրամադրում են այն շենքերի դեպքում, որոնց կառուցում իրենք են ֆինանսավորել, իսկ մնացածին չեն վարկավորում»,- նշեց նա: 

Ըստ Վահե Դանիելյանի՝ հավանաբար այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիներից շատերն իրենց ավանդները ճգնաժամով պայմանավորված հանել են, մի մասն էլ չեն կարողանում վճարել վարկային պարտավորությունները: 

 

Քաղաքականություն

Պատահարներ