«Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար». ինչի մասին է մեծ աղմուկ հանած գիրքը. Lurer. com

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով երեխաներին գրքեր են բաժանել: Այս մասին տեսաուղերձով հայտնել է 9-ամյա երեխայի հայրը․ «Չի կարելի երեխաներին դեռ մանկուց այսպիսի գրքեր բաժանել և ինչ-որ նման սրբապիղծ դաստիարակություն սերմանել: Ինչ է նշանակում պղծել երեխաներին, ինչ է նշանակում հարամել նրանց մանկական հոգին: Չի՛ կարելի, սրբապիղծներ»,- տեսաուղերձում նշում է օգտատերը: Ահազանգի հետքերով գնալով՝ ԼՈՒՐԵՐ. com-ը փորձել է պարզել՝ ինչպիսին է գրքի բովանդակությունը, և որքանով է տեղին ծնողի ահազանգը։ 

Հմտորեն փոխկապակցելով գիտությունն ու հումորը՝ գրքի հեղինակը՝ Ջո Կվիրկը, ծանոթագրություններով, երբեմն զվարճալի մեջբերումներով և երբեմն էլ զարմանալի հայտնագործություններով ներկայացնում է մարդու սեռական վարքի ժամանակակից էվոլյուցիոն տեսությունների ոլորտը: Նա թաքնված խաղ է խաղում ընթերցողի հետ ու փնտրում իր նոր ընթերցող «զոհերին»։ Կվիրկը գրում է․ «Ձեր միտքը ֆիզիկապես փոխվում է՝ ենթարկվելով ձեր ցանկությունների թելադրանքին: Մենք տիկնիկներ ենք, և մեր ներսի տիկնիկավարը, թելերով մեղմորեն հպվելով արյունատար անոթներին, «մորթում է» այդ էությունը և նրբորեն թեքում մեր ուղեղի բոլոր փոքրիկ մասերը դեպի կենդանական բնազդները»: Գրքում մեկ այլ նկարագրության մեջ կարդում ենք․ «Տասնյակ ուսումնասիրություններ ապացուցել են, որ դաշտանային անկանոնությունները կանխելու լավագույն միջոցը ձեր տղամարդու հետ քնելն է՝ բազկաթոռում թաղված: Այն ավելի լավ է աշխատում, քան բոլոր սահմանված դեղամիջոցները: Իմունիտետ ունեցող տղամարդու հոտը ազդարարում է կնոջը, որ նա պետք է նախապատրաստվի հղիությանը, քանի որ նրա գեներն ակնարկում են առողջ երեխա լույս աշխարհ բերելու մասին: Այո, իսկապես, սիրո առեղծվածը ձևավորվում է բազկաթոռների մեջ»։ 

Խնդիրը բարձրաձայնող ծնողը սպառնացել էր սպանել այն անձանց, ովքեր նմանատիպ գրքեր կբաժանեն երեխաներին։

 Ի դեպ, Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ, որին ի պատասխան նախարարությունից հայտնել էին. «ՀՀ ԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն չունի այն լուրի  վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։ Բոլոր նրանք, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի  վերաբերյալ, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին»։

 

Քաղաքականություն

Պատահարներ