Այսօր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տոնում է ծննդյան 45-ամյակը։ Ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին, Իջևան քաղաքում:

Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1991-95 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով:

1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998-ին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999 թ. դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012 թ.:

1999-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ միջազգային և Հայաստանի լրագրողական հանրության պահանջով վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:

2007-ին եղել է «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ: 2007-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը, 2008 թ. նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2008-ի մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010 թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Հայաստանի և միջազգային հանրության կողմից լայնորեն ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, խղճի կալանավոր։ Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: 2012-13 թթ. եղել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ:

2013 թ. հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը: 2013-2015 թթ. եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015-ից՝ միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության վարչության անդամ:

2016 թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար:

2017 թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։

2017 թ. մայիսից՝ «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավար:

2018 թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության։

2018 թ. մայիսի 8-ին, Համաժողովրդական շարժման պահանջով Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետ:

2018 թ. հոկտեմբերի 16-ին՝ նախընտրական խոստման համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով հրաժարական է ներկայացրել՝ իրականացնելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունը: 

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում գլխավորել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը և եղել դաշինքի վարչապետի թեկնածուն: Ընտրություններում դաշինքը ստացել է ընտրողների շուրջ 70 տոկոսի վստահության քվեն:

Այս փաստի բերումով, Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով 2019 թ. հունվարի 14-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի:
 

  •  

Քաղաքականություն

Պատահարներ