Մարդկայնորեն զորակցում եմ քեզ, բայց ելքը մեկն է՝ քո հրաժարականը. Արտակ Զաքարյանը՝ Փաշինայնին

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարգելի՛ վարչապետ,
հարգելի՛ Նիկոլ,

Ցավում եմ, որ քո և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուսի վարակ է արձանագրվել։ Աստված թող զորավիգ լինի ձեզ՝ վիրուսը հաղթահարելու, շուտափույթ ապաքինվելու և լիարժեք կազդուրվելու համար։

Միևնույն ժամանակ, առանց ավելորդ պաթոսի, ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ տոնը։ Մաղթում եմ առողջություն, արևշատություն, խաղաղություն և ընտանեկան բարօրություն։

Երկու տարի, որպես ընդդիմություն քեզ հետ քաղաքական կռիվ ենք տալիս, մեր պետության ներկայի ու ապագայի համար։ Եվ երկու տարի շարունակ, դու ապացուցում ես, որ մենք ցավոք իրավացի ենք։ Թե ինչո՞ւ եմ ասում ցավոք, ինքդ լավ գիտես ու ամեն բան տեսնում ես ներսից։ Լիովին հասկանում եմ քո և քո շուրջ ստեղծված իրավիճակը, ինչ որ տեղ, կարելի է ասել՝ ըմբռնումով եմ մոտենում։ Մարդկայնորեն նույնիսկ զորակցում եմ քեզ՝ որպես վարչապետի, ստեղծված բարդ ու անելանելի թվացող խնդիրների մեջ։ Բայց ելքը մեկն է։

Հրաժարվիր ու թույլ տուր, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը և պետությունը դուրս բերվի կառավարման բնականոն հուն։ Հրաժարվիր այն կեղծ, կործանարար ու դատարկ լոզունգներից, որով սերմանել ես վենդետաներ ու անհանդուրժողականություն։ Երևի չես էլ պատկերացնում, թե որքան մարդու արժանապատվություն ու բարի համբավ ես վնասել, քանի հարազատության, ընկերության մեջ ես սառնություն ու վեճեր մտցրել, քանի անբասիր մարդկանց ես հանիրավի կասկածի թիրախ դարձրել...Վատ է, շատ վատ։

Քեզ մոտ ստացվել է միայն մեկ բան՝ իշխանափոխությունը, որի թավշյա լինելը բացառապես մեր իշխանության կամքն է եղել։ Այլապես դու պատրաստ էիր փողոց ելած ժողովրդին տանելու նույնիսկ ամենավատ սցենարների՝ հանուն քո սկսած գործի։ Իշխանափոխությամբ ձևավորված հանրային հավատի ու սպասելիքների պիկը՝ երկու տարում վերածեցիր հուսալքության ու անելանելիության զգացողությունների։ Այնուամենայնիվ քեզ շնորհակալ եմ մի բանի համար, որը կասեմ, երբ մի օր, գուցե առիթ լինի հանդիպելու։

Այսօր արդեն չունես զարգացման ծրագրեր, չունես ռազմավարական բավարար ռեսուրսներ, արտաքին քաղաքական վստահելի գործընկերություն, տնտեսական կայուն պոտենցիալ, ներքին քաղաքացիական համախմբում։ Միակ քաղաքական գործիքդ մնացել է ուղիղ կապը ժողովրդի հետ, որի ընթացքում երևում է, որ այլևս ասելիք էլ չունես։

Հայաստանից ու Արցախից բաղկացած այս մի պետականությունն ունենք աշխարհի տակ։ Բարեկամաբար խնդրում եմ, թույլ մի՜ տուր, որպեսզի այն աչքներիս առաջ վերջնականապես քայքայվի, կազմալուծվի ու բարոյալքվի։ 
Ակնհայտ սխալ ճանապարհներով մինչև վերջ գնալը պարտադիր չէ՛, նույնիսկ ուշացումով կարելի է կանգ առնել, ետ դառնալ, և ուղղել ամեն ինչ։ Մտածի՛ր այս ամենի մասին։

Կրկին շնորհավորում եմ ծննդյանդ տոնը: 

Քաղաքականություն

Պատահարներ