Վահրամ Պողոսյան. Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, արձագանքելով տարածածված լուրերին գրում է.

«Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են:

Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է:

Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել»։

Հիշեցնենք, որ այսօր «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված է.

««Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ Արցախի հանրապետության տարածքում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-թիվի» և ևս երկու հեռուստաընկերությունների հեռարձակումը: Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի լրատվամիջոցներին տրված մեկնաբանության` «խնդիրը զուտ տեխնիկական է: Խոսքը 5 ալիքների մասին է, որոնցից երեքը երևանյան են, երկուսը՝ այլ, մարզական և երաժշտական: Խնդիրները վերականգնելուն պես այդ ալիքների հեռարձակումը կշարունակվի»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը լիահույս է, որ Արցախի տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակման դադարեցումը քաղաքական որևէ նպատակ չի հետապնդում և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ չէ։ Ցավալի կլինի, եթե Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը մեկնարկի լրատվամիջոցների ազատ գործունեության և խոսքի ազատության դեմ ուղղված քայլերով։

Որպես ժամանակակից ժողովրդավարական պետություն՝ Արցախի Հանրապետությունը մշտապես ժողովրդավարության սկզբունքների ամրագրման և խոսքի ազատության արժեքի գերակայության ապահովման օրինակ է ծառայել: Հուսով ենք` այս գործընթացն անշրջելի է: Հակառակ դեպքում` մեծ հարված է հասցվելու միջազգային ճանաչման խնդիր ունեցող Արցախի Հանրապետության հեղինակությանը, որպես ժամանակակից ժողովրդավարական պետություն, որի համար լրատվամիջոցների ազատ գործունեությունը և խոսքի ազատությունը կարևորագույն արժեքներ են:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը լիահույս է, որ խնդիրն իրոք տեխնիկական է, և մոտ օրերս եթերից հեռացված հեռուստաընկերությունների հեռարձակումը Արցախի Հանրապետության տարածքում կվերականգնվի: Մենք ուշի ուշով հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը և հետամուտ ենք լինելու տեխնիկական խնդիրների հնարավորիս արագ լուծման գործընթացին:

Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հայտարարություններով և ստեղծված իրավիճակի մասին հանրությանն ու մեդիաների ազատ գործունեությունը պաշտպանող մասնագիտացված կոռույցներին անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրենք»։

 

Քաղաքականություն