Վրաստանի «Առաջին ալիքով» սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա

Այսօրվանից Վրաստանի «Առաջին ալիքով» սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա: Օլիմպիադային կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների յոթերորդ դասարանի աշակերտները: Մոտ 200 մասնակից արդեն հայտնել է մասնակցության ցանկություն, որից ընտրվել է մի քանի հայտ: Ծրագրի նպատակը վրացերենի ժողովրդականացումն է այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունները: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

«Մեր վրաց լեզուն» Վրաստանի առաջին ալիքի նախագիծն է, որի նպատակն է ժողովրդականացնել վրաց լեզուն: Այս տարի այն իրականացվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Նախագծի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Այս տարի օլիմպիադային կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների յոթերորդ դասարանի աշակերտները: Նրանց համար  կկազմակերպվի առցանց օլիմպիադա:

Նախագծի մասնակիցներին կփոխանցվեն հատուկ հավաստագրեր, իսկ երեք հաղթողներին՝ նվերներ: Կպարգևատրվեն նաև հաղթող աշակերտների վրաց լեզվի  և գրականության ուսուցիչները:

«Մեր վրաց լեզուն» նախագծի ֆեյսբուքյան էջում  պարբերաբար կանցկացվեն վիկտորինաներ: Հարցին ճիշտ պատասխանելու դեպքում ոչ վրացալեզու դպրոցների աշակերտները կշահեն խրախուսական նվերներ:

Միևնույն ժամանակ, արդեն մի քանի շաբաթ է, ինչ Վրաստանի «Առաջին ալիքի» «Կրթություն» բաժնի եթերում, «Հեռուստադպրոց» նախագծի շրջանակներում, ընթանում են վրաց լեզվի դասընթացներ ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների աշակերտների համար:

Քաղաքականություն

Պատահարներ