Դուք հրեշ եք․ Զոհրաբյանը՝ շան ձագուկներին «ջնջխած» ոստիկաններին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Անմարդկային հանցագործություն է տեղի ունեցել։ Այսօր, լուսադեմին, Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացել են տարածքի նոր պահնորդային ընկերության աշխատակիցներ:
Եվ ահա, ոստիկանական հագուստով այս պահապանները իրենց մեքենայի անիվների տակ ջնջխել են «պոստում» ապրող շան ձագուկներից երեքին:

Նրանք այս նկարում պատկերված ձագուկներն են, որոնք ծնվել էին մի քանի ամիս առաջ:
Ինձ զարհուրեցրեց այս ձագուկներին մեքենայի անիվների տակ դաժանաբար ջնջխած ոստիկանի անտարբեր բացատրությունը, թե` միտումնավոր չենք արել, պատահաբար է ստացվել: Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և որպես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծի հեղինակ, դիմում եմ Ոստիկանությանը ` կան բոլոր ապացուցող տեսանյութերը, որ ձագուկներին գցել են մեքենայի տակ և սպանել, ինչը չեն հերքում այդ սպանդի հեղինակները: Անհապաղ պետք է հարուցվի քրեական գործ և ավտոռալլիի սիրահար շումախեր-պահնորդները պիտի Քրեական օրենսգրքի նշյալ հոդվածի ողջ խստությամբ դատապարտվեն:

Ինչ վերաբերում է Ամուլսարի պաշտպանական դիրքերը «ճեղքելու» նոր օպերացիային, ապա ես, որպես տվյալ տարածաշրջանի պատգամավոր և որպես Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացի, անձամբ կլինեմ տեղում և կփորձեմ հասկանալ, թե ի՞նչ նոր ավանտյուրա են փորձում իրականացնել Ամուլսարի տերերը:

Ասեմ նաև, որ այս պահին իմ գործընկեր, «Friends of Lucky» կազմակերպության համանախագահ Արտյոմ Վարդանյանը ողջ մնացած ձագուկներին տեղափոխում է Երևան և նրանք, ովքեր կցանկանան որդեգրել ձագուկներին, կարող են դիմել Friends of Lucky կազմակերպությանը»:

  •  

Քաղաքականություն